Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում կառուցվող լեռնադահուկային կենտրոնի ստեղծմանը Անտառաշենի բնակիչների մի մասը դեմ է

Սեպտեմբեր 03,2018 17:38

Դեռ նախորդ տարվանից ակտիվ քննարկվում էր, որ Լոռու մարզում նախատեսվում է կառուցել տարածաշրջանում նմանը չունեցող ճոպանուղի: Ակնկալվում էր, որ ճոպանուղու շնորհիվ մարզում կավելանա նաեւ զբոսաշրջիկների թիվը:

Ծրագիրը կյանքի է կոչվելու «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ի կողմից: Նախագծով նախատեսված է, որ հանգստյան գոտին այցելուներին կսպասարկի ամբողջ տարվա ընթացքում: Բացի ճոպանուղին, կլինի նաեւ լեռնադահուկային սահուղի, հյուրանոց եւ մի շարք այլ կենտրոններ:

Համալիրը գտնվելու է Մայմեխ լեռան ստորոտին՝ Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքների վարչական տարածքներում: Մինչ աշխատանքների սկսելը ընկերությունը գնացել է նշված համայնքներ, իրականացրել նախնական՝ գույքային եւ հողային գնահատում, կատարել չափագրումներ:

Մինչ մյուսները խոսում են, թե ինչպիսի համալիր է ստեղծվելու, Անտառաշեն համայնքի բնակիչների մի մասը դեմ է կառույցի ստեղծմանը: Բանն այն է, որ լեռնադահուկային սահուղին անցնելու է նշված համայնքի վարչական տարածքով, մարդկանց տների ու արոտավայրերի տեղով:

Գյուղի բնակիչների խոսքով, ընկերությունը որոշակի գումարի դիմաց նրանց առաջարկել է վաճառել տներն ու հողատարածքները: Առաջարկը, սակայն, բնակիչների սրտով չէ: «Այդ գումարով մենք ոչ մի տեղ նման տուն չենք կարող առնենք: Որտեղ էլ գնանք, նման տիպի տունն արժե 15-20.000 դոլար: Բայց մենք հողատաք ենք դրել, բաղ ենք դրել, բերք ենք աճեցնում, որով ապրում ենք: Էդ լրիվ թափենք, գնանք, փողոցի կենտրոնում 1 սենյականոց տանը 8, 9 անձից բաղկացած ընտանիքը ո՞նց ապրի՝ առանց աշխատանք, առանց եկամուտ: Այստեղ գոնե գիտես, որ քո հողից, քո բերքից օգտվում ես»,- ասում է համայնքում արդեն 20 տարուց ավելի բնակվող տիկին Անժելան:

Գյուղացիներն ասում են, որ իրենց 5.000 դոլարին մոտ գումար են առաջարկել, այնինչ իրենց ապրուստը դրա եռակին է կազմում: Ի տարբերություն համայնքի շատ բնակիչների՝ Միխայիլ Բալուտը ոչ մի պարագայում չի պատրաստվում լքել հարազատ գյուղն ու վաճառել տարիների ընթացքում ստեղծածը. «Ես ոչ մի գումարի դիմաց չեմ թողնի իմ տունը: Ես իմ երեխաներով ու թոռներով եմ ուրախանում: Տարիներ առաջ, երբ ես ուզում էի լքել Հայաստանն ու գնալ Ռուսաստան, հայրս ինձ ասաց, որ մահանամ, ինձ այստեղ հուղարկավորենք, հետո ուր ուզում ես գնա: Այդպես էլ արեցի: Իսկ հիմա ընտանիքիս հետ շարունակում եմ այստեղ ապրել: Առանց նրանց ոչ մի տեղ չեմ գնա, տունս էլ չեմ վաճառի»:

Դժգոհությունները հասել են նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն: Նախարար Սուրեն Պապիկյանը, մարզի ղեկավար Հրանտ Մարգարյանի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, եղավ Անտառաշենում, լսեց գյուղացիների բողոքները. «Երբ հարցը գնում է ձեր տանն ու ձեր տնամերձին, այստեղ արդեն ֆինանսական հարցեր են ծագում: Դուք պատրաստ եք դրան գնալ, թե՝ ոչ, դուք ինքներդ դա պետք է որոշեք, ոչ ոք ձեր փոխարեն դա չի որոշելու, ոչ մեկը ձեզ չի կարող վախեցնել»:

Պապիկյանի հետ հանդիպումից հետո բնակիչներից ոմանք փոխեցին իրենց կարծիքը, ոմանք մնացին իրենց նույն որոշմանը. «Նախարարը հույս տվեց: Բոլորի կողմից չեմ կարող ասել, բայց ինձ համար ասեմ, որ եթե լավ գումար տան, ես տունս կծախեմ ու քաղաք կգնամ»,- հանդիպումից հետո ասաց բնակիչներից մեկը:

Լրագրողների հետ զրույցում Սուրեն Պապիկյանն ասաց, որ հարցը լինելու է իրենց ուշադրության կենտրոնում, հավելելով, որ եթե չլինի հանրային համաձայնություն, ապա ծրագիրը կյանքի կոչվել չի կարող. «Մենք որոշեցինք ձեւավորել խումբ, որպեսզի համայնքի բնակիչներն իրենց առաջարկները, հնարավոր զիջումները կամ իրենց առարկությունները ներկայացնեն մարզպետին: Մարզի ղեկավարն էլ իր հերթին կբանակցի տվյալ կազմակերպության ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանանք, եթե հանրային համաձայնություն կա ծրագիրը կյանքի կոչել, ապա ընթացք տանք: Իսկ եթե ոչ, ասենք, որ այս գյուղի տարածքում եւ ձեր ներկայացրած նախնական տարբերակով դա հնարավոր չէ: Ներկայացրեք այլ ծրագիր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930