Այսօր նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որի հիմնադիրը՝ Աշոտ Բլեյանը նախագահի հետ զրուցեց հանրակրթության խնդիրների մասին: Նա պատմեց, թե ինչպես են իրենք կերտում քաղաքացի:
Նախագահն էլ խոսեց էլիտար դպրոցների մասին: Նրա խոսքով՝ «Հանճարեղ երեխեքը օպերայի կողքը չեն ծնվում, ծնվում են ցանկացած հեռավոր գյուղում ու պետք է նրանց ներգրավել»:
Աշոտ Բլեյանն ասաց, որ միշտ չէ ու այնպես էլ չէ, որ ֆիզիկայից հաջողություններ ունեցողները հիմնականում ֆիզմաթ դպրոցից են գալիս: Նա մանկավարժական նոր մոտեցումների մասին խոսեց, մեթոդի դպրոցների, թե ինչպես տարբեր առարկաների նկատմամբ դրական էմոցիա ձեւավորել՝ հետաքրքիր մեթոդներով:
Մասնաշենքերում շրջելիս նախագահը բակում նկատեց շրջանաձեւ նստած երիտասարդների, մոտեցավ, ինքն էլ նրանց հետ ծալապատիկ նստեց ու սկսեց զրուցել: Իսկ նախագահին նստել օգնեց երիտասարդ տղաներից մեկը: «Երջանիկ տղա ես»,- ասաց նախագահը՝ բացատրելով,, որ ոչ թե նրա համար, որ իրեն օգնեց, այլ՝ այդքան գեղեցիկ աղջիկների շրջապատում լինելն է համարում երջանկություն: Երիտասարդները պատմեցին իրենց «Լապտեր» նախաձեռնության մասին:
Արմեն Սարգսյանը կատակներ արեց երիտասարդների հետ, նաեւ լողավազանում լողազգեստով շրջող երեխաներից մեկից կատակով լողազգեստ խնդրեց՝ իր համար:
Կրթահամալիրին հարակից հողատարածքներում բահով, փոցխով աշխատում էին երեխաներ ու մեծահասակներ, նրանք բարեկարգում ու մաքրում էին տարածքը: Աշխատող կանանցից մեկը նախագահին ջերմորեն ողջունեց, պարզվեց՝ ղարաբաղցի է: Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ երեկ էր ինքը Արցախում, կինն արձագանքեց՝ «երնեկ քո աչքերին»: Նախագահն իրեն չկորցրեց ու պատասխանեց. «Է գայիր հետս: Երեկ տոնն էր Ղարաբաղի, տոնդ շնորհավոր»:
Ուշագրավ էր, որ կրթահամալիրի մարմարյա սրահ կոչվող հատվածում նախագահը սկսեց երեխաների հետ ուս ուսի պարել ու իր սրտե քեֆ անել: Ավելի ուշ կրթօջախի սաների հետ զրույցում նախագահը մի գաղտնիք բացեց՝ 8 տարի ստիպված է եղել դաշնամուրի գնալ, մայրն է այդպես ցանկացել, բայց տաղանդ չունի: Նա ասաց, որ չի սիրում, երբ իր նվագածը լսում են: Աշոտ Բլեյանը հարցրեց՝ 8 տարի՞ պահանջվեց, որ դա իմանաք, Արմեն Սարգսյանն էլ պատասխանեց, որ չի դժգոհում, շնորհակալ է մորը, որովհետեւ ինքը դաշնամուրի գնալու շնորհիվ երաժշտությանը մոտ է, սիրում է եւ գնահատում երաժշտությունը, ինչը նույնպես կարեւոր է:
Նա իր ելույթում ասաց, որ աշխարհի շատ դպրոցներում է եղել, բայց այսպիսի դպրոց չի տեսել իր կյանքում:
https://www.facebook.com/aravot.am/videos/314036292693550/?_rdc=1&_rdr
https://www.facebook.com/aravot.am/videos/295859877892528/?_rdc=1&_rdr
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ