«Ապահովագրական ընկերությունները պետք է ունենան զանգերի ընդունման մեկ միասնական կենտրոն՝ անվճար հեռախոսահամարով: Մեր այդ առաջարկը ներկայացրել ենք ոստիկանությանը»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց փաստաբան Գայանե Պապոյանը: Նրա բնորոշմամբ՝ այդ առաջարկով առաջնահերթ լուծվելու է ապահովագրական ընկերությունների աշխատակիցներին զանգելու խնդիրը. «Երբեմն ԱՊՊԱ ընկերության աշխատակիցները գիշերային ժամերին չեն արձագանքում վարորդների զանգերին, երբ վթար է գրանցվում: Այսինքն, վարորդներն այլեւս չեն զանգի ԱՊՊԱ ընկերություն, այլ կզանգեն մեկ միասնական հեռախոսահամարով, իսկ օպերատորները զանգի մասին կտեղեկացնեն ոստիկանությանն ու ԱՊՊԱ ընկերությանը»:
Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանն էլ առաջարկի մասին ասաց. «Երբ թեժ գծի հեռախոսահամարով աշխատակիցը տեղեկացնի վթարի մասին, ոստիկանները վթարված մեքենան արագ դուրս կբերեն երթեւեկության անվտանգ գոտի: Խնդիրն այն է, որ ՃՈ զանգելիս մեկ ժամ անց են ոստիկանները գալիս վթարի վայր»: Բանախոսները նաեւ տեղեկացրին, որ Երևանում օրական 80-100 վթար է գրանցվում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ