Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դեմ խաղ չկա» -ն հանգեցրեց այս իրավիճակին». Մհեր Շահգելդյան

Սեպտեմբեր 03,2018 14:25

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը հույս ունի, որ սեպտեմբերի 23-ին անցկացվելիք Երևանի ավագանու ընտրությունները լինելու են մաքուր ընտրություններ:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը քաղաքապետի թեկնածուն վստահեցրեց՝ Երևանն ունի նորարարությունների կարիք: Այնուհետև հայտնեց, որ ներկայացնում են երիտասարդների պրոֆեսիոնալ թիմ, որոնք գիտնականներ են և ունեն աշխատանքային փորձ: ՕԵԿ թեկնածուն առաջ քաշեց կանաչ, խելացի քաղաքի գաղափարը:

Ըստ Մհեր Շահգելդյանի՝ ավագանու ընտրություններն իրենք դիտարկում են որպես թիմային, կոլեկտիվ ընտրություն. «Երևանում չեն ընդունվում օրենքներ՝ Ազգային ժողովի պես, սակայն ընդունվում են որոշումներ, որոնք ազդում են սոցիալական կյանքի վրա»:

Նա շեշտեց՝ հեղափոխության իրականացման հարցում մեծ դեր է խաղացել Երևանը:

Սակայն ըստ Մհեր Շահգելդյանի՝ ՕԵԿ-ի համար Երևանի ավագանու ընտրությունը ստուգարք չէ:

Լրագրողների հարցին՝ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝  մտադիր է օրենքով չարգելված ձեւերով մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, դա չի՞ խոչընդոտի մյուս ուժերին և արդյոք դա ուղղված չի՞ լինելու իր ուժի պաշտպանությանը, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Իհարկե, օրենքով սահմանված շրջանակներում Նիկոլ Փաշինյանը կարող է մասնակցել ընտրություններին: Բնականաբար, ինքն աշխատելու է իր քաղաքական ուժի համար: Ուրիշ էլ ինչի՞ համար պիտի մասնակցի: Չեմ կարծում, որ կխոչընդոտի, քանի որ իր ռազմավարական տեսանկյունից յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձելու է առավելագույնն օգտագործել իրեն տրված հնարավորությունները»:

Դառնալով Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությանը, թե իրենց դեմ խաղ չկա, իրենք սպիտակ ուժերն են, իսկ դեմ եղողները՝ սև ուժերը, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Չեմ ուզում որևէ թեկնածուի մասին խոսել, քանի որ նախընտրական քարոզարշավ է, բայց այս սև-սպիտակ, սպիտակ-կարմիր ուժերի գաղափարախոսության առիթով ասեմ, որ ռուսական հեղափոխությունը 1917-ին էր, հայկական հեղափոխությունը՝ 2018-ին: Ուժերի այդ տարանջատումն ինձ համար ընդունելի չէ»:

Ըստ Մհեր Շահգելդյանի՝ մեր դեմ խաղ չկա գաղափարախոսությունը հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ունենք. «Հարգանքով վերաբերվելով Հայկ Մարությանին որպես մարդ ու դերասան՝ այս մոտեցման հետ բացարձակապես համաձայն չի կարելի լինել: Մեր դեմ խաղ չկա, ով մեզ հետ չէ, մեր դեմ է գաղափարախոսությունները չեն համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին: Իսկ մեր նպատակն իրական բազմակարծություն ապահովելն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930