Այսօր նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Նա կրթօջախի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ շրջեց մասնաշենքերում, զրուցեց սաների հետ, հումորներ արեց, պարեց, ինչպես նաեւ պատասխանեց կրթահամալիրի սաների հարցերին:
Պարոն Բլեյանը պատմեց, թե կրթահամալիրն ինչ խնդիրներ ունի, որ տարածքը ստիպված են պարսպապատել, հարակից տարածքի «օլիգարխները» փորձում են տարածքներ գրավել ու իրենցով անել: Նա խոսեց քաղաքապետարանի անտարբերության մասին, որ լավ կլինի օգնեն գոնե հողի, ջրի հարցով: Մի մասնաշենքից երբ երեխաներն ուզում են գնալ մայր դպրոց, ահագին ճանապարհ պետք է շրջանցեն, մինչդեռ կարող էին կարճ ճանապարհ ստեղծել, անցումն ապահովել:
Կրթահամալիրի տարբեր մասնաշենքերում լողավազաններ կային: Աշոտ Բլեյանն ասաց, որ «մենք սիրում ենք տկլորներին», նա նշեց, որ երեխաներն այդպես կոփվում են. «Արդեն դաստիարակն էլ այդպես է հագնվում, նա շորտով է, պետք է երեխաների հետ լողա էլ: Հիվանդությունները մեզ մոտ նկատելի նվազել են, մեր երեխաները արդեն գրեթե չեն հիվանդանում»:
Լողավազաններից մեկի մեջ լողացող երեխաները նախագահին ասացին, որ ջուրը սառն է: «Դե պիտի շարժվեք, չէ՞, որ տաքանաք»,- խորհուրդ տվեց Արմեն Սարգսյանը եւ փոքրիկ մրցույթ կազմակերպեց, ով շուտ կհասնի լողավազանի մյուս ծայրը՝ «Դե լողացե՛ք, մեկ, երկու երեք»,- ասաց նա եւ երեխաներից մեկին չեմպիոն հռչակեց: Նախագահն ասաց. «Ես ձեզ նախանձեցի, ես էլ կուզենայի կոստյումս հանեի, մտնեի ջուրը»: Աշոտ Բլեյանն առաջարկեց, որ մի քանի անգամ այցելի եւ իրեն էլ կթողնեն լողա. «Հետաքրքիր կլինի, հանրապետության նախագահը լողում է»:
Կառուցողական խաղեր խաղացող 6 տարեկան երեխաներին մոտենալով՝ նախագահը հետաքրքրվեց, թե ինչ պատկերներ գիտեն, ինչո՞ւ է եռանկյուն կոչվում, քառակուսու սահմանումը որն է:
Բակում ծեփամածիկով խաղացող երեխաներին մոտենալով՝ նախագահը նկատեց, որ փոքրիկներից մեկը՝ Էրիկը, տխուր է: Պարզվեց՝ ծեփամածիկ չունի. «5 տարեկան ես, դրա համար քեզ պլաստիլին չե՞ն տվել, արի գնանք խնդրենք: Իրե՛ն էլ պլաստիլին տվեք: Սարքիր ավտոմեքենա, ես գալիս եմ նայեմ», – հանձնարարեց նախագահն ու շարունակեց շրջայցը:
Մանկապարտեզային տարիքի երեխաների խումբ այցելելով՝ նախագահը տեսավ, որ փոքրիկներն աշխատում են կավով: Մի աղջիկ Արմեն Սարգսյանին ասաց, որ ինքն իրեն է փորձում պատրաստել. «Կյանքում ավելի լավ ես ստացվել, քան այդտեղ»:
Արմեն Սարգսյանը Բլեյանից հետաքրքրվեց, թե վարձավճարը որքա՞ն է կազմում իրենց կրթահամալիրում, Աշոտ Բլեյանը պատասխանեց, որ 13-20 հազար դրամ՝ կախված, թե ինչ ծրագրով է:
https://www.facebook.com/aravot.am/videos/314036292693550/?_rdc=1&_rdr
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ