Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում են առաջիկայում հանդիպել: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ուսանողների առաջ:
«Առաջիկայում նախատեսվում է ևս մեկ հանդիպում (երկու ղեկավարների-խմբ.),, ասել է Լավրովը:- Կարևոր կլինի տեսնել՝ ինչպես է ինքը՝ Հայաստանի նոր առաջնորդը, գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները: Մեզ համար միևնույն չէ, ինչպիսին է այդ իրավիճակում պետության պարտավորությունները ՀԱՊԿ-ի առջև»:
Լավրովը հավելել է, որ այդ պարտականությունները կան, և դրանք պետք է լիարժեք կատարել, «այդ թվում այն մասով, ինչը վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության հեղինակության ամրապնդմանը»:
Պուտին-Փաշինյան առաջին հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյանի ընտրվելուց կարճ ժամանակ անց՝ մայիսին 14-ին Սոչիում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այնուհետև հունիսի 13-ին Փաշինյանը մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: Օգոստոսի 16-ին երկու ղեկավարները հեռախոսազրույց ունեցան՝ քննարկելով երկկողմ օրակարգի արդիական հարցեր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ