«Հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի պահպանությունը պետք է լինի առաջնահերթություն: Դա չափազանց սկզբունքային հարց է, բայց դա չի նշանակում, թե պետք է խախտենք հավասարակշռված մոտեցումը: Ցանկացած տնտեսական ծրագիր պետք է ունենա նվազ ազդեցություն շրջակա միջավայրի վրա»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ հարուցված քրեական գործին, որի տվյալներով՝ ընկերությունը պատշաճ չի իրականացրել բնապահպանական փորձաքննություն, ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Չմոռանանք, որ ՀՀ-ում ներդրումներ կատարող ընկերությունները չհիմնավորված վնասներ չպետք է կրեն: Սակայն եթե քրեական գործով ապացուցվի, որ «Լիդիանը» շրջակա միջավայրի ազդեցության տվյալներ է թաքցրել, կդատապարտենք: Կարծում եմ՝ ընկերության բաժնետերերն իրենք շահագրգռված կլինեն նման երեւույթը բացառելու համար»,-նշեց Արծվիկ Մինասյանը:
Նա միաժամանակ համոզմունք հայտնեց՝ չկա ցանկություն՝ սուբյեկտիվ որոշմամբ որեւէ ընկերության գործունեությունը կասեցնելու: Մինասյանի խոսքով՝ մինչեւ իր՝ բնապահպանության նախարար լինելը «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած փաստաթղթերում խախտումներ չեն եղել. «Բայց եթե քրեական գործով դա ապացուցվի՝ դատապարտելի է»:
Ինչ վերաբերում է բնապահպանների գնահատականներին, որ «Լիդիան Արմենիա»-ի գործունեությունը վնասել է բնաշխարհի հազվագյուտ ներկայացուցիչների գործունեությանը, նախարարը նկատեց. «Այդ բարձրության վրա «Կարմիր գրքում» գրանցված թիթեռի բնակատեղի չի կարող լինել: Ջրային ռեսուրսներին հասցվելիք վնասն էլ պետք է առաջնահերթ ուսումնասիրվի: Սրանք հարցեր են, որոնք լուրջ ուսումնասիրություններ պետք է անցնեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ