«Իհարկե, կա տնտեսական քաղաքականություն, այն չի կարող չլինել: Այլ բան է, որ խոսում ենք այդ քաղաքականության համակարգման մասին, ինչի առնչությամբ աշխատանքներ արվում են»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Մարտի մեկի քրեական գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկին, թե ՀՀ նոր կառավարությունը չունի տնտեսական քաղաքականություն, ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Առաջիկայում կտեսնեք ուղղությունները՝ տնտեսության առանձին թիրախավորված ճյուղերը՝ հարկային համակարգում փոփոխությունների տեսքով»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու եւ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրությանը, ՀՅԴ-ական նախարարը նշեց. «Ես ՀՀ սահմանադրության կարեւոր պաշտպաններից եմ եւ համարում եմ, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, քանի դեռ օրենքը չի սահմանափակում այդ իրավունքը»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն ընտրություններում սատարի Ռոբերտ Քոչարյանին, քանի որ ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը չէր բացառել նրա հետ գործակցությունը. «Ինչո՞ւ պետք է բացառեմ։ Ես ո՛չ մտադիր եմ, ո՛չ բացառում եմ»: Արծվիկ Մինասյանն ասաց, որ տնտեսական զարգացմանը վերաբերող մամուլի ասուլիսում քաղաքական հարցադրումներին չի պատասխանելու:
https://www.facebook.com/aravot.am/videos/532658183813716/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ