Ավանդաբար յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը մինչեւ ուշ երեկո «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, պարագետ, պարահավաք, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը Կասկադում ազգային պարեր է սովորեցնում: Օգոստոսի 31-ին եւս պար բռնածների շղթան անչափ երկար էր, անգամ օտարերկրացիներ էին միացել պարողներին, իսկ բազմաթիվ զբոսաշրջիկներ լուսանկարում ու նկարահանում էին իրենց համար տարօրինակ, բայց հաճելի միջոցառումը: Հայկական պարը միավորել էր տարբեր ոլորտների ներկայացուցիչների, պարողների եւ պարասերների:
Կասկադում էր նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որն օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե հնարավոր է որոշ առարկաների հետ կապված փոփոխություններ լինեն, որոնց թվում են նախնական զինվորական պատրաստությունը, ազգային երգ ու պարը: Վերջինս ՀՀ դպրոցներում ներդրվել էր 2014-2015 ուսումնական տարվա սկզբին, եւ առարկայի ծրագրի հեղինակն է Գագիկ Գինոսյանը:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
01.09.2018