«Այս ընթացքում մեծ թվով քաղաքացիներ եւ կազմակերպություններ են հետաքրքրվել ՀՀ ներդրումային միջավայրով եւ հայտարարություններ արել ներդրումների մասին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Խոսքը մայիսի կեսից մինչեւ այս պահին է վերաբերում: Այդ թիվն անցնում է մեկ միլիարդ դոլարը: Դրանից 240 միլիոն դոլարն իրատեսական է: Աշխատում ենք այդ կառույցների եւ քաղաքացիների հետ, որպեսզի իրենց ծրագրերը վերածվեն բիզնես-նախաձեռնությունների»,-վստահեցրեց Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ ճիշտ չէ պնդումը, թե ներդրումներ չկան:
«Որոշ կազմակերպությունների ես եմ ներկայացրել կառավարությանը՝ արտոնություններ տալու նպատակով: Մայիսից սկսած 57 միլիոն դոլարին համարժեք ներդրումների պատրաստակամություն է դրսեւորվել մի շարք կազմակերպությունների կողմից: Դրանք, սակայն, առաջիկա տարիներին պետք է կատարվեն»,-տեղեկացրեց նախարարը:
Նա նաեւ նշեց, որ նախարարությունն առաջիկայում ԱԺ կներկայացնի 2 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից մեկով կերաշխավորեն օտարերկրյա ներդրողների համար լավ պայմանների ստեղծումը ՀՀ-ում. «Դա պետք է տեղի ունենա պետական մարմինների երաշխավորված եւ կանխատեսելի վարքագծի պայմաններում: Չի կարող պատահել, որ որեւէ պետական մարմին որոշի անել ներդրումային ծրագիրը խաթարող գործողություն»:
Մինասյանի փոխանցմամբ՝ մյուս օրենսդրական նախաձեռնությամբ ավելացնելու են ներդրողների բիզնես-ծրագրերի պաշտպանվածության գործիքները. «Նրանք պետք է ռիսկերից, այդ թվում՝ արտարժույթի տատանման, ապահովված կլինեն»:
https://www.facebook.com/aravot.am/videos/532658183813716/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ