«Դեմ առ դեմ» հաղորդման հյուրերն են տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանը եւ Ատոմ Մարգարյանը: Քննարկման թեման` եկամտային հարկի իջեցումը եւ սպասվող հարկային փոփոխությունները: Ի դեպ, ֆինանսների նախարարության ներկայացուցիչները չցանկացան մասնակցել քննարկմանը, պատճառաբանելով, որ դեռ հստակ ձեւավորված մոտեցումներ չկան: ՊԵԿ-ում էլ պատճառաբանեցին, որ իրենք միայն կատարող մարմին են. որոշողներն ինչ կորոշեն, իրենք կիրականացնեն այդ որոշումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ – Իր վերջին ուղիղ եթերներից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց եկամտային հարկի նվազեցման մասին. «Հարկային օրենսգրքում կլինի փոփոխություն՝ ի աջակցություն փոքր բիզնեսին: Մենք միկրոբիզնեսի համար, որ տարեկան մինչեւ 24 միլիոն դրամի շրջանառություն է ունենում, կսահմանենք սիմվոլիկ, համարյա հարկից զուրկ բացառություն, խոսքը շրջանառության հարկի մասին է. միկրոբիզնեսը կլինի արտոնյալ պայմաններում»: Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի այս նախաձեռնությանը, այն իրատեսակա՞ն դաշտում է, թե`պոպուլիստական:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ – Բազմիցս եմ խոսել այդ մասին, որ հատկապես միկրոբիզնեսը, որը հատկանշական գումարներ է մուծում պետական բյուջե, եթե արտոնություններ տրամադրենք, դա անհամադրելի է այն արդյունքի հետ, որը կարող ենք ակնկալել: Ողջունելի եւ դրվատելի է, որ վարչապետը գնում է այդ քայլին: Նույնիսկ կարող էր ոչ թե խորհրդանշական շեմ սահմանել, այլ ընդհանրապես ազատեր: Բայց, ես այստեղ շատ կարեւոր մի հանգամանք եմ տեսնում`արտոնություններ տալուն կամ նույնիսկ հարկերից ազատելուն պետք է հաջորդի ճիշտ հաշվառում: Միկրոբիզնեսը կդիտարկեի ինքնազբաղվածության կարեւոր բանալի: Ոչ թե`գնացեք ինչ ուզում եք`արեք, այլ եկեք հաշվառենք, թե ով եւ ինչով է զբաղվում եւ արտոնություններ տանք:
Բայց, փոքր բիզնեսը պետք է ունենա նաեւ խնդիրներ, ինչի համար կարող են տրամադրվել ոչ միայն հարկային արտոնություններ, այլ նաեւ համաֆինանսավորում:
Ատոմ ՄԱՐԳԱՐՅԱՆ – Դրական եմ գնահատում եւ, իհարկե, այս հեղափոխությունից, քաղաքական փոփոխություններից հետո պետք էր սպասել, որ դաշտը`հարկային քաղաքականությունը եւ այլն, իբրեւ կառավարության հիմնական գործիք, պետք է դառնան ավելի ժողովրդավար, ավելի ներառական: Այն, որ միկրոբիզնեսը լուծում է, ըստ էության սոցիալական, ինքնազբաղվածության խնդիր, պետությանը մնում է միայն բարենպաստ միջավայր կիրառել:
Ես կավելացնեի նաեւ իմ սպասելիքները եւ ակնկալիքները, որ կապված են ներգաղթի հետ: Մարդիկ, որոնք դրսում են եւ դրական այս փոփոխությունները գնահատում են ետ վերադառնալու հնարավորություն, նաեւ այսպիսի գործիքներով պետք է շահագրգռվեն: Սա նաեւ կլուծի ժողովրդագրական խնդիրների թնջուկը, որն այսօր ունենք եւ ազգային անվտանգության խնդիր է:
Խնդիրն այս փուլում ամեն ինչ երեւակելն է: Պաշտոնյաների այսօրվա մտահոգությունը`որեւէ ընդհանուր հայտարարի գալու, ես հասկանում եմ այսպես`պետք է իրական հոսքերը ֆիքսվեն, բոլոր ոլորտների համար եւ միայն այդ դեպքում կարելի է եւ հարկային դրույքներ սահմանել եւ ռեժիմներ սահմանել: Արդեն մի քանի ամիս է ստվերային կամ կոռուպցիոն տուրքի բացահայտման գործընթաց է: Իհարկե, դա քիչ է: Քննարկումները պետք է սկսել`չանտեսելով գերխնդիրը`իրականում ինչպիսի՞ տուրքեր են գոյանում ինքնազբաղվածների մոտ, ո՞ր եկամուտն է ողջամիտ, որ մարդիկ իրենց ձեռնարկատիրական հնարավորությունները դրսեւորեն, իսկ մնացած մասը`տուրքերի ձեւով, պատրաստակամ վճարեն պետական բյուջե:
Ն. Գ. – Մամուլում էլ ահազանգեր հնչեցին փոքր եւ միջին ձեռնարկատերերի կողմից, որ երեւակվող դաշտում աշխատելով, իրենք ստիպված են լինելու փակել «գործը»: Այս կարգավորումներն ինչպիսի՞ն պետք է լինեն:
Թ. Մ. – Միկրոբիզնեսի համար ոչ այնքան մտահոգիչ է երեւակվելը, որքան թղթաբանությամբ զբաղվելը: Ծանր է: Հաշվառել է պետք`հստակ իմանալու, թե ո՞վ ունենք եւ ինչո՞վ զբաղվող ունենք մեր տնտեսության մեջ: Դա նաեւ կարեւոր է հաշվառելու համար մարդկային ռեսուրսները`ո՞ր ճյուղում ի՞նչ մասնագետ ունենք հետագա ծրագրեր կառուցելու համար: 27 տարի, մենք Սողոմոն իմաստունին ենք փորձում նմանվել`հանճարեղ ծրագրեր մշակելով, բայց հենց խոսքը գալիս է նրան, թե ո՞վ պետք է իրականացնի, մարդկային ռեսուրսներին եկեք անդրադառնանք, բացարձակ զրո ենք: Այդ հաշվառումը պետական մակարդակով պետք է անցկացվի, որպեսզի հստակ իմանանք`ո՞ր ոլորտում ի՞նչ ռեսուրս ունենք: Միգուցե ոլորտը, որը մենք երազում ենք զարգացնել, չունի՞ իր հիմքում…
Ն. Գ.– ՊԵԿ նախագահը մտահոգություն էր հնչեցրել, որ եկամտային հարկի բեռի իջեցումը պետք է ուղեկցվի անուղղակի գծով հարկային բեռի ավելացմամբ:
Ա. Մ.– Մտահոգությունները կապված են անցումը հնարավորինս անցնցում ապահովելու, հատկապես խոշոր բիզնեսի վրա: Նաեւ գնային պրեսինգը, որը մենք արդեն տեսնում ենք, սոցիալական խնդիրների տեսանկյունից կառավարելիության տիրույթում պահելու առումով: Բայց, որ անհրաժեշտ է հարկային քաղաքականությունը դարձնել նաեւ կառուցվածքային խնդիրները լուծելուն, առաջնահերթությունները՝ զարգացնելուն ուղղված, միանշանակ է: Իսկ մենք տեսանք, վարչապետն առաջարկեց մոտավորապես 12 ուղղություն, երկարաժամկետ տեսլականներ`բարձր տեխնոլոգիաներ, ինովացիաներ, ռազմարդյունաբերություն, դեղագործություն, բիոտեխնոլոգիաներ եւ այլն: Ոլորտներ, որոնք նաեւ բարձր եկամուտներ կարող են ապահովել մարդկանց համար: Ի վերջո, տնտեսական մոդելի այս փոփոխությունը խորությամբ պետք է հասկանալ`տնտեսության բազային ճյուղերը պետք է զարգանան:
Ես նաեւ ակնկալիքներ եմ տեսնում. ադեկվատ հարկային քաղաքականությունը նաեւ ներդրումային խնդիրներ պետք է լուծի: Հայաստանն ունի մրցակցային առավելություն, բայց`հարկային ադեկվատ քաղաքականությամբ:
Վարչապետը նախօրեին հայտարարեց`ավելի լուրջ, հիմնավոր բարեփոխումների ժամանակը եկել է: Իսկապես, պետք է քայլեր անել եւ ապագա ընտրողին, նաեւ հարկատուին բացատրել, որ այդ քայլերն ուղղված են իսկապես մոդեռնիզացիայի խնդիրները լուծելուն: Եթե աշխատատեղերի բարձր արտադրողական զանգվածային խնդիրը չլուծենք, հույսներս միայն դնենք զվարճանքի ինդուստրիայի վրա, կազինոների, վիվառոների, ծառայությունների, առեւտրի, որը մերկանտիլ ոլորտ է, այդտեղ մեծ ավելացված արժեք չի ստեղծվում: Մոդելը, որ հիմնականում ներմուծման վրա է նստած եղել… բայց մենք տեսնում ենք միտումներ. արդեն ներմուծումը հարաբերականորեն կրճատվում է, ներքին արտադրությունն ավելանում է`արտահանման հետ միասին: Ճեղքվածքը գնալով փոքրանում է. տասը տարի առաջ, 3,5-4 անգամ էր: Երբ այսօր ոմանք խոսում են`երկնիշ տնտեսական աճ ունեինք…, ես էլ ասում եմ`այդ դեպքում ինչո՞ւ էր ներմուծումը 3,5 անգամ գերազանցում արտահանմանը: Հետեւաբար, խնդիրը տնտեսական մոդելի մեջ էր: Պոզիտիվ այս շեշտադրումները պետք է խթանել:
Ն. Գ. – ՊԵԿ նախագահը նաեւ ասել էր՝ եթե եկամտային հարկը մինչեւ 20 տոկոս 150 հազար դրամ եկամտի դեպքում իջեցում լինի, ապա պետական բյուջեն կունենա 47-52 միլիարդ կորուստ: Դա ինչպե՞ս է փոխհատուցվելու:
Թ. Մ.– Ես այլ տեսանկյունից դա կդիտարկեմ. նախորդ կառավարությունը շատ անսպասելի քայլ արեց`ասելով, որ 2017-ին եկամուտները չեն աճելու: Մի կողմ թողնենք, որ դա օրենքի խախտում է անգամ: Եկամուտները երբ չեն աճում, սա շղթայական անդրադառնում է ոչ միայն սոցիալական խնդիրների, այլ նաեւ տնտեսության վրա: Ես եկամտային հարկի նվազեցումը դիտարկում եմ, որպես անուղղակիորեն եկամուտների բարձրացման փորձ: Եթե ժողովրդի վճարունակությունը չի բարձրանում ՀՆԱ-ի ֆանտաստիկ աճ չենք կարող արձանագրել:
Ողջունելով այս միտումը`չպետք է վախենալ: Ես Տիգրան Սարգսյանին շատ եմ քննադատել, բայց ինչպե՞ս չգնահատեմ լայնախոհությունը, որ նա գնաց ընդլայնողական քաղաքականության համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, երբ հետխորհրդային տարածքում շատերը խնդրի սեկվեստրով էին կարգավորում: Ռիսկի գնալ է պետք, բայց հիմնավոր ռիսկի: Իսկ նրա համար, որպեսզի հաջողենք, տնտեսագիտական միտքը պետք է պահանջարկված լինի: Նավաստիները չեն կարող զբաղվել տնտեսությամբ, նավաստիներին օգնություն է պետք:
Ն. Գ. – «Վիճակագրական գեղանկարիչներին» հիշեցիք, նրանք դեռ պաշտոնավարում են:
Թ. Մ.- Նրանք շուտով Նոբելյան մրցանակ կստանան:
Զրույցը վարեց`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Զրույցի այլ մանրամասները
«Առավոտ»
01.09.2018