Լրահոս
Օրվա լրահոսը

Կգ-ով մաքսազերծվող հագուստը հիմա մաքսազերծվելու է հատով. Առեւտրականները բողոքում են

Սեպտեմբեր 03,2018 13:30

ՊԵԿ-ը վստահեցնում է, որ ամեն ապրանքի մեջ
չնչին տարբերություն է լինելու

«Առավոտը» տոնավաճառների աշխատակիցներից դժգոհություն է ստացել, որ ՊԵԿ-ի նոր ղեկավարության սահմանած մաքսային դրույքաչափերի ու ձեռնարկած փոփոխությունների արդյունքում իրենք դադարելու են զբաղվել առեւտրով եւ զրկվելու են օրվա հացը վաստակելու հնարավորությունից: Վաճառականներն ասում են, որ նախկինում Լեհաստանից Հայաստան ապրանք ներկրելիս, մասնավորապես՝ տոնավաճառներում վաճառվող հագուստի մասին է խոսքը, մաքսատներին կից կարգոներով տեղափոխելով՝ 1 կգ-ի համար 7 դոլարի չափով գումար էին վճարում: Հիմա կարգոներ չկա ու նույն ապրանքը ներկրելու դեպքում ամեն հագուստի արժեքի 32 տոկոսը պետք է մաքս վճարեն: Առեւտրականներն անհանգստացած են, որովհետեւ այդքան վճարում կատարելու դեպքում իրենք չեն կարող այդ ապրանքը վաճառել տոնավաճառում. «Մենք եվրոպական հագուստ ենք բերում, բայց դա բրենդային ապրանք չէ, որ բրենդի նման մաքս վճարենք»:

Մենք խնդրի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք ՊԵԿ-ից: ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն ասաց. «Խնդիրը կայանում է նրանում, որ մինչեւ մի քանի օր առաջ փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար այդ ապրանքների տեղափոխումը եւ մաքսազերծումն իրականացվում էր «Նորֆոլկ» կազմակերպության կողմից: Հավաքական բեռների մասին է խոսքը: «Նորֆոլկ» կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը եւ այժմ մեր բոլոր տնտեսվարողները իրենք ինքնուրույն պետք է հայտարարագրեն մաքսային մարմիններում, թե ինչ ապրանքներ են ներմուծվում իրենց կողմից եւ այդ ապրանքների արժեքի համամասնորեն պետք է կատարվեն համապատասխան վճարումներ: Այո, մենք նախատեսում ենք, որ կարող է տեղի ունենալ որոշակի աճ, բայց մեր գնահատականներով, եթե խոսում ենք ոչ բրենդային հագուստի մասին, հագուստի ցանկացած տեսակի գնի վրա դա կարող է ազդեցություն ունենալ ընդամենը 50-200 դրամ: Նախկինում էլ է եղել 32 տոկոս, հիմա էլ է 32 տոկոս, խնդիրը կայանում է նրանում, թե ինչ գնահատական է տրվելու, ինչ մաքսային արժեք է գնահատվելու ներմուծվող բեռը»:
Նախկինում ներմուծել են ու վճարում կատարել կիլոգրամի դիմաց, այժմ ներմուծված ապրանքը հայտարարագրելու են հատով: Չնայած թվում է, թե հսկայական տարբերություն է լինելու մաքսի մեջ, բայց Մաշադյանը վստահեցնում է, որ իրենց հաշվարկով, երբ կիլոգրամի համար վճարվող գումարը վերածում են հատաքանակի, չնչին տարբերություն է ունենալու:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

01.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930