Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարուցվել է նոր քրեական գործ` 2008 թ. մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ

Սեպտեմբեր 03,2018 11:59

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1.300 ծառայողներ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները:

Նշված, ինչպես նաև 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած մյուս դեպքերը ուսումնասիրելու համար ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով:

Դրանից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն թվականի հոկտեմբերի 23-ին կարգադրություն է ստորագրել «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու» մասին:

Ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ հիշյալ հանձնաժողովի, փաստահավաք խմբի, ինչպես նաև հանրության մոտ ի հայտ եկած կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, դրանք որպես իրավաչափ ներկայացնելու, ինչպես նաև այդ գործողությունների համար հետագայում պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ «Ազատության» հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:

Ըստ այդ փաստաթղթերի և դրանց հիման վրա ոստիկանության պաշտոնական պարզաբանումների՝ ստացված տեղեկությունները ճշտելու, իսկ դրանք հաստատվելու դեպքում հանցագործությունների խափանման, հանցանք կատարած անձանց հայտնաբերման անհրաժեշտությամբ պայմանավորված` 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07:00-ին, ոստիկանության ստորաբաժանումները իբր թե «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով գնացել են «Ազատության» հրապարակ, սակայն ցուցարարների կողմից դիմադրության հանդիպելուց հետո ստիպված նրանց դուրս են հանել հիշյալ հրապարակից:

Պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930