2018 առաջին վեց ամսում ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 8,3 տոկոս, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին ութ տարում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարից մինչեւ հուլիս, ընդհանուր առմամբ, կազմել է 9,3 տոկոս: Աճել են շինարարության, առեւտրաշրջանառության ծավալները՝ համապատասխանաբար 5 եւ 8,9 տոկոսով»,-տեղեկացրեց Արծվիկ Մինասյանը:
Ներկայացնելով արտահանման ծավալները՝ նա նշեց, որ խմիչքների արտադրության 60, ծխախոտի արտադրության 70, եւ դեղագործական արտադրանքի 56 տոկոսն արտահանվում է. «Իսկ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ուղղությամբ դեռ փոքր ցուցանիշ ունենք՝ 2,2 տոկոս»,-նշեց նախարարը:
Նրա փոխանցմամբ՝ թե արտահանման, թե ներմուծման շուկաներում աճ է գրանցվել. Ռուսաստանը կազմում է մեր արտահանման ծավալների 25 տոկոսը: Գրեթե նույնքան է այդ երկրից ներմուծման ծավալը: Իսկ Ռուսաստանին ներմուծման ծավալներով նախորդում են Չինաստանը, Վրաստանը, Իրանը:
Զբոսաշրջության ծավալների մասին էլ Արծվիկ Մինասյանն ասաց. «Այս տարվա առաջին վեց ամսում ՀՀ է այցելել 685 000 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճը կազմել է 10,2 տոկոս: Իսկ ՀՀ-ից զբոսաշրջության նպատակով մեկնել է 610 հազար քաղաքացի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճը կազմել է 7 տոկոս»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ