Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտրականները ցույց են անում կառավարության մոտ

Սեպտեմբեր 03,2018 11:40

Այսօր առավոտից կառավարության շենքի մոտ են հավաքվել մի խումբ առեւտրականներ: Նրանք պահանջում են, որ իջեցվեն ներմուծվող ապրանքների մաքսազերծման գները:

Հիշեցնենք՝ մաքսային սահմանն անցնելիս ծառայության արժեքը 1 կգ ապրանքի համար թանկացել է միջինը 2 դոլարով: Եթե նախկինում 1 կգ ապրանքի մաքսազերծումը եւ մինչեւ կարգո հասցնելը 70 ցենտ էր արժենում, հիմա 2 դոլար 70 ցենտ է: Այս խնդիրը խորհրդարանի վերջին արտահերթ նիստում կրկին բարձրաձայնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Հիշեցնենք՝ առեւտրականները  այս պահանջով փողոց էին դուրս եկել դեռ մեկ-մեկուկես տարի առաջ: Հիմնական բողոքավորները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սեփականություն հանդիսացող «Առինջ մոլի» աշխատակիցներն են: Հընթացս նրանց միացան նաեւ այլ տոնավաճառների աշխատակիցներ: Խնդիրը սակայն այդպես էլ լուծում չստացավ:

Կառավարությունն իր քայլը մեկնաբանում է տեղական արտադրանքին զարկ տալու նկրտումներով: Առեւտրականները դեմ չեն կառավարության  ցանկությանը, ավելին՝ իրենք էլ ունեն տարբերակներ այդ ամենում իրենց ներգրավվածության վերաբերյալ: Առաջարկների փաթեթ, ասում են, երկու ամիս առաջ ներկայացրել են Հայաստանի նոր իշխանությանն՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Նրանից, սակայն, դեռեւս արձագանք չեն ստացել:

Այսօր հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ պահանջելու, որ վարչապետն իրենց ընդունի եւ համատեղ լուծումներ գտնեն խնդրին: Հետագա քայլերի  ծրագիր դեռեւս չունեն, բայց խաղաղ հավաքները կանցկացնեն այնքան, մինչեւ կառավարությունից արձագանք ստանան: Ըստ դրա էլ կորոշեն իրենց հետագա քայլերը:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930