Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդրական փոփոխությունը ՓՄՁ-ների սրտով չէ. այն մեկին՝ լծակ է տալիս, մյուսի իրավունքը՝ սահմանափակում

Սեպտեմբեր 03,2018 13:00

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության օրենսդրական նախաձեռնությունը հարուցել է գործարարների դժգոհությունը: Նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, այն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Այս նախագծով առաջարկվում է սահմանափակումներ ներքին առեւտրի ոլորտում. «Ապրանքների մեծածախ առեւտրով զբաղվող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին արգելվում է զբաղվել նշված ապրանքատեսակների մանրածախ առեւտրով՝ այն պարագայում, երբ տվյալ ապրանքատեսակները ներմուծվել կամ արտադրվել են այդ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից»։ Հոդվածի առաջին մասում նշված ապրանքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը։

«Առավոտի» հետ զրույցում ՓՄՁ խմբի անդամ, հարկային խորհրդատվությունների ծառայություն մատուցող Տիգրան Քեյանն ասաց՝ քանի պարզ չէ որ ապրանքատեսակների վրա է տարածվելու օրենքը, կոնկրետ ապրանքի օրինակով դժվար է խոսել: Այսինքն, ըստ Քեյանի, ներկայացնում են մի թերի օրենք, այն քննարկում են, օրենքն ընդունելուց հետո նոր պետք է կառավարության որոշմամբ ցանկ սահմանեն, սա այնքան էլ ճիշտ չէ: Սակայն, օրենքի այս խմբագրմամբ, արդեն որոշակիություն կա, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ: Օրինակ, ըստ Քեյանի, նույն արտադրողին կամ ներմուծողին արգելում են մանրածախ առեւտրով զբաղվել. «Կրկնեմ, դեռ չգիտենք ինչ ապրանքների մասին է, բայց այսօր կան գործարարներ, արտադրողներ, որոնք ունեն մեծ առաքման ցանց, որ մեծածախ են վաճառում, նաեւ ունեն իրենց մասնագիտացված խանութ-սրահները, ասենք՝ կոնյակ, գինի, մսամթերք արտադրողները, կաթնամթերք կամ հրուշակեղեն արտադրողները: Եվ այս օրենքով ստացվում է՝ արտադրողը չի կարող իր խանութն ունենալ, եթե իր ապրանքները ներառվեն կառավարության այդ ցանկում»:
Մեր հարցին՝ գուցե այս օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է խոշոր սուպերմարկետների գործունեության կարգավորմանը, դրանցից շատերը նաեւ ապրանքներ են ներմուծում եւ իրենց ցանցերում վաճառում, Քեյանը վստահեցրեց՝ սուպերմարկետներում այս օրենքով այդ առկա խնդիրը չի լուծվի:

«Տեսեք ինչ կլինի՝ օրինակ՝ ՍԱՍ սուպերմարկետը «ՍԱՍ գրուպով է» ներմուծում եւ մեծածախ վաճառում, եւ բացի այս նաեւ մանրածախ վաճառք իրականացնում իր ցանցի միջոցով: «ՍԱՍ գրուպն» ունի պաշտոնական մի շարք պայմանագրեր, եւ մի շարք ապրանքներ չի կարող առանց պայմանագրի ներկրել Հայաստան, որովհետեւ հանդես է գալիս որպես պաշտոնական ներկայացուցիչ: Ի՞նչ է կատարվելու, եթե օրենքի պահանջով արգելվի, ընկերությունը օրենքի պահանջը կատարելու համար կբացի, ասենք՝ «ՍԱՍ գրուպ+», որը չի ունենա առեւտրի կետ, կունենա պահեստ, կներմուծի ու կվաճառի մեծածախն իր հաճախորդներին, անձնական խանութների ցանցով կվաճառի «ՍԱՍ գրուպին» մնացած խմբաքանակը: Այսինքն՝ հարցի լուծում չի լինում: Այս դեպքում 2 կամ ավելի ընկերությունների միջոցով կկատարի նույն գործառույթը»:

Ըստ նախագծի նաեւ պահանջ է դրվում՝ «Առեւտրային ցանցերին արգելվում է տեղական արտադրողների կողմից արտադրված եւ համապատասխան ցանկում ներառված պատշաճ որակի ապրանքը չընդունելը»։ Օրենքի այս դրույթն էլ Քեյանը խնդրահարույց է համարում:

Նրա խոսքերով՝ «Պատկերացնենք՝ արտադրողը ցանցին բերում էր ու խնդրում, ասում՝ այս ապրանքս վաճառի, ու որոշակի պայմաններ էր նախատեսում: Մի կողմից սա լավ է, արտադրողին ուզում են խթանել, որպեսզի նրա ապրանքը առեւտրային ցանցը չփորձի մերժել: Մյուս կողմից՝ վատ է: Արտադրողին, ըստ այս օրենքի, լծակ են տալիս, կարծես «լեզու են դնում բերանը»՝ ինչպես ուզի՝ կարող է այդպես էլ ներկայացնի առեւտրային ցանցին: Ցանցը չի կարող հրաժարվել: Ճիշտ է, ավելի շատ շահույթը պետք է արտադրողին մնա, ոչ թե վերավաճառողին, բայց վերավաճառողն էլ իր ռիսկ ունի: Ասենք փչացող ապրանք է, մնացորդ է լինում: Մի քանի ռիսկեր կան, որ վերադիր է դնում վերավաճառը: Այս պարագայում արտադրողը եթե վաճառողին խնդրում էր իր ապրանքը 100 դրամով վերցնի, խանութն էլ 150 էր վաճառում, հիմա արտադրողը կարող է 130 դրամով տալ, ու վաճառողը չի կարող հրաժարվել, օրենքը արգելում է: Չի կարող ասել՝ ողջամիտ գին չես ասում, չի կարող սակարկել: Այստեղ մեկ պայման է՝ պետք է որակով ապրանք լինի: Ցանցն ասում է՝ չեմ ուզում, անորակ է: Իսկ որակն ինչպե՞ս են համեմատելու: Կարող է համեմատել, չգիտեմ նույնիսկ ինչ ապրանքի հետ համեմատել, քանի որ ցանկը դեռ չկա, ասենք սպորտային հագուստ է: Կարող են համեմատել բրենդային «ադիդասի» հետ: Այսինքն՝ միշտ բանավեճերի, տարաձայնությունների խնդիր էր լինելու»:

Տիգրան Քեյանն ասաց, որ այս օրենքին իրավաբանները պետք է գնահատական տան՝ արդյոք այն ՀՀ Սահմանադրությանը չի հակասում. «Որովհետեւ մի բիզնեսին ավելի մեծ լծակ են տալիս, մյուսին՝ սահմանափակումներ»:

Նշված օրենքի պահանջը չկատարելու կամ խախտելու դեպքում պատասխանատվություն է սահմանվում: «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում էլ նախատեսվում են փոփոխություններ, ըստ որոնց՝ «ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված ապրանքների մեծածախ առեւտրով զբաղվող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից նշված ապրանքատեսակների մանրածախ առեւտուր իրականացնելը՝ այն պարագայում, երբ տվյալ ապրանքատեսակները ներմուծվել կամ արտադրվել են նրանց կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով: Նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

01.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930