Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիոն» սխեմաներ նախկինում էլ էին փնտրում, բայց ինչպես

Սեպտեմբեր 03,2018 12:30

Հարկայինի վարչական մարմինը չի պարզել, թե «Ավեստա» ՍՊԸ-ի կողմից կատարված գործարքները շահագրգռվածության հիման վրա կատարված գործարքներ են, թե՝ ոչ, իսկ ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշմամբ շահագրգռվածության հիման վրա կատարված գործարքներ են համարվում՝ հարկ վճարողի եւ այդ հարկ վճարողի կախյալ հարկ վճարողի միջեւ՝ առանց «բացված ձեռքի սկզբունքի» պահպանման:

Այնպես չէ, թե կառավարությունը նոր-նոր է ստուգումներ ու բացահայտումներ անում, հարկային պարտավորությունները միայն վերջին հարյուր օրվա ընթացքում է ստուգվել, այնպես չէ, թե ՊԵԿ-ի աշխատակիցները դատարաններ չեն գնացել, առաջին անգամ են գնալու, իրենց կազմած ակտերով՝ հիմնավոր-անհիմն:

Արդեն երեք տարի է, ինչ դատարանում է Վանաձորի «Ավեստա» ՍՊ ընկերության հայցը ՀՀ ֆինանսների նախարարության դեմ: Ընկերությունը խնդրել է վերացնել ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կազմած 2015 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 5012070 ակտը:
ՀՀ ֆինանսների նախարարության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարագրով հանձնարարվել էր պարզել «Ավեստա» ՍՊԸ-ի գործունեության ոլորտում օրենքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա հարկային մարմնին ներկայացված հաշվետվությունների հաշվարկների եւ այլ փաստաթղթերի արժանահավատությունը, պետական հսկողություն իրականացնելու նպատակով անցկացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում:
ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանի որոշմամբ որոշվել է ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարագրի հիման վրա հարկ վճարողի մոտ իրականացվող ստուգման ընթացքում հարկվող օբյեկտները եւ հարկային պարտավորությունները հաշվարկել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դրույթներով, մասնավորապես, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա:

Ըստ հայցվորի, ֆինանսների նախարարության կողմից կազմվում է ակտի նախագիծ, համաձայն որի՝ ՍՊԸ-ում շահութահարկի եւ ավելացված արժեքի հարկի մասով «արձանագրվել է» խախտում, որի դեմ ներկայացվում է առարկություն: Սակայն այս առարկությանը վարչական մարմինն անդրադարձ չի կատարում:
Վիճարկվող ակտով արձանագրվում է, որ տնտեսվարող սուբյեկտը օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պետք է վճարի ստուգման ակտով առաջադրված 93.629.868 ՀՀ դրամ գումար, ինչը հիմնավոր չի համարում հայցվոր ընկերությունը:

Ի դեպ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարագրով ստուգումը հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության ոչ արտադրական ոլորտային հսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Ա. Աղաջանյանին, հարկային տեսուչներ Ա. Սաֆարյանին, Ա. Ներսիսյանին, ՕՀՆԱ ԳՎ օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի գլխավոր օպերլիազորներ Հ. Խաչատրյանին եւ Կ. Բալայանին:
Ակտում նշվում է. «Ընկերությունը հարկվող օբյեկտները եւ վերջինիցս բխող հարկային պարտավորությունները պակաս հաշվարկելու նպատակով իրականացրել է վաճառքի գների ցածր ձեւակերպում՝ ՀԴՄ-ի միջոցով (ներմուծված ամբողջ ապրանքատեսականու մոտ 75.2 տոկոսը իրացրել է մանրածախ առեւտրի կետերի միջոցով)»: Իսկ հարկայինի տեսուչները նշել էին, թե ստուգման ընթացքում համադրելով այլ աղբյուրներից ճշտված նույնանման ապրանքների վաճառքի գներն ընկերության կողմից վաճառված ապրանքների գների հետ, պարզվել էր, որ «Ավեստա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների վաճառքի գները ձեւակերպվել են ՀՀ տարածքում գործող շուկայական գներից էականորեն ցածր գներով:
Այդ տվյալները ճշտելու նպատակով վարչական մարմնի կողմից գրավոր հարցում է ուղարկվում նույն ապրանքները իրացնող երկու կազմակերպությունների: Ստացված պատասխաններից «պարզվում» է, որ հայցվորի կողմից վաճառված որոշ ապրանքների վաճառքի գները 20 եւ ավելի տոկոս ցածր են, այսինքն՝ ունեն էական շեղումներ: Ըստ հայցվորի, վարչական մարմնի կողմից միայն նույն ապրանքներն իրացնող կազմակերպություններին ուղարկված հարցման պատասխանները չեն կարող հիմք հանդիսանալ ընկերությանը վարչական պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ չի պարզվել, թե նույնանման-նշյալ ապրանքների որակական հատկանիշները համապատասխանո՞ւմ են, արդյոք, հայցվոր տնտեսվարողի կողմից իրացվող ապրանքների որակական հատկանիշներին, թե՝ ոչ, արդյոք դրանք ձե՞ռք են բերվել նույն գներով, որքան է կազմել մաքսազերծումը, ի՞նչ մեթոդներով է կատարվել հաշվարկը, որով եզրահանգել են, որ իբր ընկերությունը համախառն եկամուտը պակաս է հաշվարկել:

Հաշվի չի առնվել նաեւ, որ ընկերությունը 2012 եւ 2013 թվականին համարվել է եռամսյակային ԱԱՀ վճարող, իսկ ընկերության կողմից հաշվետվություններն էլ ներկայացվել է յուրաքանչյուր ամիս: Ընկերությունը կատարել է իր պարտավորությունները՝ հայտարարագրել է հարկային պարտավորությունները եւ վճարել է հայտարարագրված պարտավորությունների գումարը: ԱԱՀ-ի գումարները հայտարարագրվել եւ վճարվել է ավելի շուտ, քան եթե ներկայացված կլիներ եռամսյակային պարբերականությամբ:

Պատասխանողն անհիմն է համարել ընկերության փաստարկները. «Հայցվորի այս դիրքորոշումը նույնպես հիմնավոր չէ, քանի որ համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի՝ նույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը՝ բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի»։
Դատարանը «Ավեստա» ՍՊ ընկերության հայցը Պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության ակտը վերացնելու պահանջի մասին, բավարարել է, վիճարկվող ակտը ճանաչել անվավեր: Դատարանն արձանագրել էր. «Տվյալների տարբեր աղբյուրների կիրառման ժամանակ իրարից զգալիորեն տարբերվող արդյունքներ ստանալու դեպքում, հարկային մարմինը տվյալների այլ աղբյուրների ընդգրկման անհնարինության (բացակայության) դեպքում իրականացնում է ընտրված աղբյուրներով կատարված վերլուծության մեթոդներից յուրաքանչյուրի գնահատում եւ ընտրում տվյալ հանգամանքներում առավել իրատեսական գնահատականը»:

Վարչական դատարանն այս գործով հանգել էր հետեւյալին. ստուգումն իրականացվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ, 22.1-րդ հոդվածների եւ ՀՀ կառավարության 18.09.1998թ. թիվ 580 որոշմամբ հաստատված կարգի դրույթների խախտմամբ, քանի որ «համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջեւ համապատասխան ժամանակաշրջանում եւ համանման հանգամանքներում կիրառված գների ու հարկման համար հիմք հանդիսացող այլ ցուցանիշների մասին տվյալները, կարգի իմաստով համարվելով ակտիվների շարժի (օգտագործման) չափի մնացորդի որոշման աղբյուր, նույն կարգի իմաստով չեն հանդիսանում երրորդ անձանցից ստացված տեղեկություններ, եւ ակտիվների իրացման միջին գները 20 տոկոսի չափով պակասեցնելու միջոցով ճշգրտումները կարող են կատարվել բացառապես վիճակագրական տեղեկությունների օգտագործման ժամանակ, իսկ տվյալ պարագայում դրանք առկա չեն»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

01.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930