Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ արեցին սուպերմարկետների տերերը՝ ՊԵԿ-ի հետ նախկին պայմանավորվածությունը խզելով

Սեպտեմբեր 03,2018 12:00

Գործարարը վստահեցում է, որ սուպերմարկետները շախմատի քարերն են փոխել՝
հիմա ԱՁ-ն հանել են սուպերմարկետից դուրս ու նույն խաղերը խաղում են

Նոր իշխանությունների օրոք մեծ աղմուկ բարձրացավ խոշոր սուպերմարկետների հարկային չարաշահումների շուրջ: Պարզվեց, որ սուպերմարկետները, հանդիսանալով ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություն, գաղտնի պայմանավորվածություն են ձեռք բերել ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ու գյուղմթերքը վաճառել ԱՁ-ներով: Ինչպես ԱԱԾ-ն էր պարզել, կոնկրետ «Երեւան սիթին» գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքն իրականացրել է հարյուրավոր անձանց միջոցով՝ նրանց գրանցելով որպես անհատ ձեռներեցներ։ Գրանցված անհատ ձեռներեցները գործունեություն են ծավալել «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում ու շատերը չեն էլ իմացել, որ բիզնեսի տեր են: ԱԱԾ-ի նախնական հաշվարկով` թվով 461 անհատ ձեռներեցների միջոցով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել էր ավելի քան 40 մլրդ դրամ՝ մոտ 83 դոլար, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ օրինական գործունեություն ծավալելու դեպքում պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ եւ շահութահարկ:

Բացի այդ, ԱԱԾ-ն բացահայտել էր, որ Հայաստանում սուպերմարկետների ցանցերին գյուղմթերք մատակարարող գյուղացիները մեծամասամբ առանց փաստաթղթերի են աշխատում: Խանութները նրանց մթերքը գնում են կանխիկ գումարով՝ առանց հաշիվ-ապրանքագրերի։ Այսինքն՝ անօրինական դաշտում:
ՊԵԿ նոր ղեկավարությունը հայտարարեց, որ նախկին կառավարության հետ այդ պայմանավորվածություններն այլեւս չեն գործելու։ Դավիթ Անանյանը վստահեցրեց, որ սուպերմարկետների ներկայացուցիչների հետ հանդիպել է եւ իրենց ասել է՝ պետք է աշխատել նոր կանոններով, գործել օրենքի դաշտում։ Հունիսի 1-ին խոշոր սուպերմարկետների ղեկավարները բաց նամակ էին ուղղել ՀՀ վարչապետին եւ ստեղծված իրադրությունից դուրս գալու համար հանդիպում պահանջել նրա հետ: Նրանք առաջարկել են խնդիրը լուծելու օրենսդրական մեխանիզմներ մշակել: Ընդ որում, նամակի տակ ստորագրել են «Երեւան սիթի», «Նոր զովք», «Էվրիկա», «Կայզեր», «Կրպակ», «Սաս Գրուպ», «Պարմա», «Ծիրան», «Վաս գրուպ», «Դանիելյան» սուպերմարկետների ցանցերի ղեկավարները:

Մինչ կառավարությունը հարցին օրենսդրական լուծում կտա, նրանք պարտավորվել են աշխատել օրենքի դաշտում, այսինքն, գյուղմթերքի վաճառքի համար նույնպես 20 տոկոս ԱԱՀ եւ շահութահարկ վճարել: Մինչդեռ գործարար Վահրամ Միրաքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախկին պայմանավորվածությունները գործում են, ուղղակի մի քիչ «քարտերն են տեղափոխել». «Եթե նախկինում ԱՁ-ն սուպերմարկետի ներսում էր, հիմա ԱՁ-ն հանել են սուպերմարկետից դուրս, գյուղացին ծախում է ԱՁ-ին, սա էլ տալիս է սուպերմարկետին: Այսինքն, նույն բանն անում են, ոնց որ շախմատի քարերի տեղն են փոխել: Բոլորը գիտեն դրա մասին, այնպես չի, որ չգիտեն, ուղղակի ուրիշ տարբերակ չկա: Սկզբում փորձեցին օրենքով աշխատել, օրենքն այնքան վատ էր, որ գների աճ տեղի ունեցավ, նորից անցան հին որոշման: Մսի դեպքում արեցին այն, ինչ կանխատեսում էի, ներկրումն ավելի ձեռք է տալիս, շահութահարկ, ԱԱՀ դուրս է գալիս, հիմա այդպես են անում՝ բելառուսական, ուկրաինական մսերը սկսել են գալ ու տեղական միսը սկսվել է ճնշվել դրա արդյունքում»:
Մենք մայրաքաղաքում գործող մի քանի խոշոր սուպերմարկետներից կատարեցինք գյուղմթերքի եւ ԱԱՀ-ով հարկվող այլ ապրանքի գնումներ՝ պարզելու, թե ինչ են ցույց տալիս սուպերմարկետների տրամադրած ՀԴՄ-ները, նրանք ԱԱՀ վճարո՞ւմ են, թե՞ շարունակում են ԱՁ-ներով աշխատել: Պարզեցինք, որ «Կայզեր» սուպերմարկետը իսկապես գյուղմթերքի համար ԱԱՀ սկսել է վճարել, համենայնդեպս, կտրոնում նշված է՝ ԱԱՀ-ով հարկվող: Թե դրա տակ ինչ է թաքնված, ինչպես են ԱՁ-ները տեղափոխել սուպերմարկետից դուրս, չի երեւում: «Նոր զովք» սուպերմարկետի Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղերից մեկում ընդհանրապես ՀԴՄ կտրոն չտրամադրեցին, տվեցին միայն գնված ապրանքների ցանկ, որտեղ չի երեւում, թե գնված ապրանքներից ԱԱՀ-ն որքան է կազմում: «Նոր զովքի» մեկ այլ մասնաճյուղից նույնպես գնումներ կատարելով՝ տրամադրեցին ՀԴՄ կտրոն, այստեղ պարզվեց, որ գյուղմթերքը հարկվում է ԱԱՀ-ով, այսինքն, մտել են օրինական հարկման դաշտ: «Երեւան Սիթի» եւ «ՍԱՍ» սուպերմարկետների տրամադրած ՀԴՄ կտրոնը նույնպես փաստեց, որ կատարված գնումները ամբողջությամբ հարկվել են ԱԱՀ-ով:

«Առավոտի» հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը, որն այս գործով հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության, ասաց. «Այժմ սուպերմարկետներում գյուղմթերքների իրացումը հարկում են ԱԱՀ-ով, դրա արդյունքում սուպերմարկետներից որոշները հրաժարվել են գյուղացիներից գյուղմթերքը վերցնել վաճառքի, որովհետեւ ԱԱՀ դաշտում գործելով՝ գնագոյացումը մի փոքր այլ է: Այդ կապակցությամբ կա վարչապետի հանձնարարությունը, եւ մենք քննարկում ենք՝ ինչ օրենսդրական փոփոխությունների արդյունքում կարող ենք չեզոքացնել այդ տարբերությունները: Քննարկումներ իրականացվում են ՊԵԿ-ի, ֆինանսների նախարարության եւ գյուղատնտեսության, ինչպես նաեւ տարածքային զարգացման եւ ներդրումների նախարարության հետ: Ես կարծում եմ, որ այդ քննարկումների արդյունքում մենք կգտնենք մի լուծում, որը հնարավորություն կտա մեր գյուղացիներին հանգիստ իրենց ապրանքները հանձնել առեւտրի ցանկացած կետում՝ անկախ նրանից, թե հարկման որ դաշտում է գործում տվյալ կազմակերպությունը»:

Հայտարարվեց, որ բոլոր սուպերմարկետներում ստուգումներ են արվում, չարաշահումները կհրապարակվեն: Այն, ինչ մեզ հայտնի դարձավ, միայն «Երեւան սիթիի» հետ էր կապված, ուստի մեր հարցին՝ միայն «Երեւան սիթի՞ն» էր չարաշահում արել, ի՞նչ չարաշահում եք գտել մյուս սուպերմարկետներում՝ պարոն Մաշադյանը պատասխանեց. «Այո, մեք «Ալեքս հոլդինգում» արդեն ավարտել ենք ստուգումը եւ արձանագրել ենք շուրջ 5,2 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, մնացած բոլոր սուպերմարկետներում ներկա պահին ստուգումներն ընթացքի մեջ են: Այսինքն, չկա նման բան, որ ստուգումներն իրականացված լինեն միայն «Ալեքս հոլդինգում», կավարտվեն ստուգումները օրենքով սահմանված ժակետներում»: Նա վստահեցրեց, որ բոլոր սուպերմարկետները գյուղմթերքի վաճառքն իսկապես իրականացնում են՝ գործելով ԱԱՀ դաշտում, նախկին պայմանավորվածություններն իսկապես չեն գործում:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հիմա իրավիճակը նույնն է: Ես չեմ թաքցնում, հետաքրքրվել եմ սուպերմարկետներից՝ ի՞նչ ապրանք եք վաճառում: Իրենք մեր գյուղացու ապրանքը չեն վաճառում: Իրենք Կրասնոդարի ապրանքն են վաճառում՝ ՌԴ-ից ներկրված, որովհետեւ դա իրենց ձեռնտու է, որովհետեւ կա հաշվանցման հնարավորություն: Ինքը բերում է Կրասնոդարից, հաշվանցում, հնարավոր չափով ցածր գին է դնում եւ դառնում է շուկայի նկատմամբ մրցունակ: Հիմա սուպերմարկետների մեծ մասը, որքան ես եմ տեղյակ, մեր գյուղացիներից չեն գնում, իրենց ձեռնտու չի»:

Նա վստահեցրեց, որ նախկինում, երբ սուպերմարկետների տերերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՊԵԿ նախկին ղեկավարության հետ, դա սուպերմարկետների ղեկավարների նախաձեռությունը չի եղել. «Պրոբլեմը կայանում էր նրանում, որ մեր հայրենական գյուղացին իր ապրանքը իրացնելու մի խողովակ ուներ՝ շուկաները: Բայց մեծ իմաստով հիմա սուպերմարկետների առեւտրային մշակույթի պայմաններում սուպերմարկետները սկսել են ավելի լայն սպեկտորի ծառայություն մատուցել, սպառողների հոսքը սկսեց ավելի շատ գնալ դեպի սուպերմարկետներ, քան շուկաներ: Գյուղացին հնարավորություն ունի սուպերմարկետների միջոցով իր ապրանքը իրացնել: Եթե այդ հնարավորությունը ստանում է, շահած է դուրս գալիս, հետեւաբար հարց է՝ արդյո՞ք չնպաստենք, պայմաններ ստեղծենք, որ մեր գյուղացու արտադրանքը կարողանա գա սուպերմարկետ: Այդ քննարկման ընթացքում գտել էին մի լուծում: Գյուղատնտեսությունը չի հարկվում, սուպերմարկետներում առեւտուրը հարկվում է ԱԱՀ-ով, դուրս է գալիս, որ սուպերմարկետի իրացման ծախսերը, այդ թվում՝ ԱԱՀ-ի արժեքի գինը ամբողջությամբ մտնում էր իրացվող ապրանքի գնի մեջ եւ սպառողն է վճարում: Արդյունքում դա բերում էր գների բարձրացման: Սա էր խնդիրը, որ պայմանավորվել էին: Պետք էր քայլ անել: Դա քայլ էր, այլ բան է, որ իշխանությունները այն ժամանակ որ խելոք լինեին, դա պետք է ձեւակերպած լինեին ինչ-որ ձեւով: Այս հարցում սուպերմարկետների ղեկավարները չեն նախաձեռնել, իրենց ասել են, որ կա լուծում, որը ձեզ կարող է օգնել: Խնդիրը կանգնած էր նախկին իշխանությունների առջեւ, ոնց որ հիմա: Ու գտել էին լուծում՝ անհատ ձեռներեցների միջոցով հարկել: Ասել էին՝ դու գնա, ֆիզիկական անձ հանդիսացող գյուղացուց գյուղմթերք գնիր, գումարած միս, բեր սուպերմարկետում, ես ձեւական իբր թե քեզ մի տարածք եմ տալիս սուպերմարկետում վարձակալությամբ, դուք իբր թե դնում եք ձեր ձեռք բերածն իրացնում եք: Թվում էր, թե նորմալ լուծում էր, բայց քանի որ ԱՁ-ն 115 մլն շրջանառությունից հետո այլեւս աշխատելու էր ԱԱՀ դաշտում, ստիպված տարբեր ԱՁ-ներով դա ձեւակերպեցին: Ոչ թե սուպերմարկետները փորձել են ինչ-որ մեկին շփոթեցնել, խաբել, այլ ուղղակի պայմանավորվածւթյունն էր այդպիսին, այլապես ԱՁ-ն անցնելու էր ԱԱՀ դաշտ ու սուպերմարկետի համար ոչ մի հետաքրքրություն չկար: Իշխանափոխությունից հետո այս հարցը սրվեց եւ ոմանց մոտ ստեղծվեց արդարացիորեն տպավորություն, որ մարդիկ փորձել են չարաշահել հնարավորությունը: Նույն մարդը 40-50 ԱՁ-ներ էր ձեւակերպել, որովհետեւ շրջանառությունը շատ մեծ է, երբեմն բերել էր իր բարեկամներին, երբեմն՝ գանձապահներին, նույնիսկ նրանք տեղյակ էլ չէին՝ ինչի մասին է խոսքը, որովհետեւ խնդիրը նրանց տեղեկացնելը չէր, որովհետեւ այդ ԱՁ-ները ըստ էության ֆորմալ տնտեսական գործունեությամբ չէին զբաղվում դե ֆակտո: Սա ներկայացվեց՝ որպես օրենքի կոպիտ խախտում, իրականում այդպես էլ կա, որովհետեւ օրենքն այդպիսի բան չի նախատեսում եւ նախկին իշխանությունների բացթողումն այն էր, որ նրանք այն, ինչ պայմանավորվել էին տնտեսվարողների հետ, պետք է դարձնեին գոնե շրջանառության մեջ դրվող հրահանգ, կառավարության որոշում, ինչ-որ մի բան: Բայց քանի որ իրավական կարգավորումները չէին արված, այս ամեն ինչը ստացվեց, որ օրենքի կոպիտ խախտում էր՝ ներքին պայմանավորվածությամբ»:

Թե հիմա ինչպե՞ս է հնարավոր հարցը լուծել օրենսդրական ճանապարհով, արդյո՞ք պետք է ՀՀԿ-ի նույն պայմանավորվածությունները պարզապես օրինականացնել՝ Խոսրով Հարությունյանն ասաց, որ կոնկրետ ինքը առաջարկությամբ է հանդես եկել. «Քանի որ գյուղացին հարկատու չէ եւ առավել եւս ԱԱՀ չի մուծում, ես առաջարկեցի՝ եկեք անենք հետեւյալը: Ենթադրենք, սուպերմարկետը ձեռք է բերում գյուղացուց ինչ-որ մի ապրանք, պայմանական 1000 դրամով, վաճառում 1400-ով, ուրեմն թող ինքը վճարի 400-ի ԱԱՀ-ն, ոչ թե 1400-ի, որպեսզի իր մոտ շահագրգռվածություն առաջանա գյուղացուց ապրանք վերցնի եւ իր շահույթի հաշվին չփորձի դա իրացնել: Ինձ մեկնաբանեցին, որ սա կնշանակի՝ բյուջեն սուբսիդավորում է սուպերմարկետի գները: Ես ասում եմ՝ ոչ, դուք սուբսիդավորում եք անուղղակի գյուղացուն, արդյունքում սուբսիդավորվում է գյուղացին, որովհետեւ իր ապրանքն է գալիս: Ես ասացի՝ տղե՛րք, եթե դուք այս տարբերակը չեք ընդունում, որն ընդամենը իրավիճակից ելք էր, կա՛մ երկրորդ տարբերակն այն է, որ եկեք եղածը օրինականացնենք, ինչ անում են՝ օրենքով ամրագրենք, որ իրավունք ունեն ԱՁ-ներով գյուղմթերք իրացնել՝ պայմանով, որ իր ՀԴՄ-ի մեջ ԱՁ-ն առանձին երեւա»:
Սուպերմարկետների չարաշահումը միայն գյուղմթերքի՝ ԱՁ-ներով հարկելուն ու ԱԱՀ դաշտից դուրս գործելուն չէր վերաբերում, բանն այն է, որ իրենց տրված հնարավորությունից օգտվելով՝ սուպերմարկետները տեղական գյուղմթերքի անվան տակ, այսպես ասած, «սղացնում» էին ներկրած ապրանքները:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ ընդունում է, նման խնդիր եղել է ու պետք է մտածել՝ ինչ անել, որ հիմա վերահսկելի լինի. «Ես համաձայն եմ ձեզ հետ: Երբ ես խոսում էի ԱԱԾ պետի հետ, պարոն Վանեցյանը ինձ գիտե՞ք ինչ ասաց, ասաց պարո՛ն Հարությունյան, դուք ճիշտ եք, բայց երբեմն ԱՁ-ների միջոցով շոր են վաճառել: Վե՛րջ, ինձ համար այդտեղ հարց չկա, պետք է պատժել մինչեւ վերջ»:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ վարչապետը, այցելելով մայրաքաղաքի շուկաներ, իր աչքով տեսավ, որ գյուղմթերքը թանկացել է. «Գիտե՞ք խի է շուկայում ապրանքը թանկացել, որովհետեւ սպառման պրոբլեմ է առաջացել: Դուք եթե ձեր ապրանքը քիչ ծախեք, դուք պիտի գին բարձրացնեք, որ կարողանաք գոնե այդ ծավալով ձեր պրոբլեմները կարգավորեք»:

«Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ասաց, որ նախկին իշխանությունները ներքին պայմանավորվածությամբ հարցը լուծելով՝ Երեւան քաղաքի փողոցներից փողոցային առեւտուրը տեղափոխել են սուպերմարկետներ, որտեղ գյուղմթերքը վաճառվում էր գրեթե նույն գնով, ինչ գնով փողոցներում, դալաններում. «Քաղաքացու համար այդ գնով արժեր առնել այդտեղից: Բայց դա օրենսդրորեն կանոնակարգված չէր: Ինչքանն էր մեր գյուղացուց գնած, ինչքանն էր Թուրքիայից բերած՝ չգիտենք, դա լրացուցիչ լուրջ եկամուտների հարց է: Նաեւ դա էր պատճառը, որ տնտեսվարող սուբյեկտները միանգամից համաձայնեցին մեծ տուգանքներն առանց աղմուկ բարձրացնելու մուծել: Հակառակ դեպքում աղմուկ կբարձրացնեին, Հայաստանի լավագույն հաշվապահները, լավագույն մասնագետներն իրենց մոտ են»:

Արամ Սարգսյանն ասաց, որ խնդրին լուծում տալու համար ինքն այլ առաջարկ ունի. «Ես ուզում եմ, որ Երեւան քաղաքը մաքրվի դալաններում առեւտրից: Մեթոդը տեսել եմ արտասահմանում: Եվրոպայի նույնիսկ ամենագեղեցիկ քաղաքների հրապարակներում շաբաթ-կիրակի օրերին գյուղմթերքի շուկա է կազմակերպվում մինչեւ կեսօրվա ժամը 2-ը: Ժամը 2-ից հետո դա այնպես են մաքրում, որ անգամ հետքը չի մնում շուկայից: Հայաստանում կարելի է նման շուկաներ կազմակերպել շաբաթական երկու անգամ»:
Արամ Սարգսյանն ասաց, որ եթե կառավարությունը այնպիսի նախագիծ կբերի ԱԺ, որը խնդրին լուծում կտա, նաեւ սպառողների համար լրացուցիչ վճարելու խնդիր չի առաջացնի, ինքը կողմ կքվեարկի: Բայց գյուղմթերքի վաճառքը տեղափոխել սուպերմարկետներ ու գները շուկաների գներին մոտ պահել, ըստ նրա, բարդ է լինելու:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

01.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930