Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանքներ «Մեր թիմի դեմը խաղ չկա» պնդմանը եւ Հայկ Մարությանի պարզաբանումը

Սեպտեմբեր 03,2018 11:25

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն երեկ ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի»։
Հայկ Մարությանը նաեւ ասել է, որ ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է՝ «Նույնիսկ կարող եմ ասել մեր թիմի դեմը խաղ չկա»։

Նրա այս հայտարարությանը բազմաթիվ արձագանքներ են եղել ֆեյսբուքում:

Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյան (պաշտպանության նախկին նախարար). «Այ գավառական ծաղրածու,

Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես: Անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել մեր հայրենակիցների զգացմունքներն անցյալի սխալների նկատմամբ կամ խորը հավատն ապագայի հանդեպ, անկախ նրանից, թե որքանով կհաջողի ներկայիս կառավարությունը, կամ հիասթափության ալիքի կհանգեցնի այն, որևէ մեկն իրավունք չունի դասելու երևանցիներին սևերի և սպիտակների:

Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը և ցածր բարոյականությունը: Երկրի և քաղաքի ապագայով մտահոգ գործիչը նույնիսկ և հատկապես հասարակության իրական պառակտվածության պարագայում պետք է ջանք չխնայի կամրջելու այդ բացը: Իսկ նոր անջրպետներ ստեղծելը թույլի, անվստահի, մեծամիտ և հասարակության վրա թքած ունեցող մարդու գործելաոճ է:

Կան շատ մարդիկ, ովքեր ուզում են հավատալ Նիկոլ Փաշինյանին, բայց մեծ սխալ են համարում նրա կողմից քո առաջադրումը: Նրանցից շատերը, կարող է համարեն, որ դու չունես բավարար փորձ և գիտելիք` մայրաքաղաք կառավարելու համար: Շատերի համար էլ կարող է ավելի համոզիչ լինեն այլ թեկնածուների նախընտրական ծրագրերը: Ոմանք կբարդույթավորվեն ձայն տալ բիգուդիավոր տղամարդու: Դա դեռ ոչ մեկին սև չի դարձնում:

Կան նաև մարդիկ, շատ ազնիվ մարդիկ, որ բացարձակ չեն կիսում Նիկոլ Փաշինյանին ապագայի տեսլականը և հատկապես նրա կադրային քաղաքականության նկատմամբ լուրջ վերապահումներ ունեն, և դա ևս նրանց սև չի դարձնում: Դա է ժողովրդավարական հասարակության էությունն ու ընտրությունների բուն իմաստը: Ուստի, քո ասածը լրջագույն խնդիր է նաև մեր երկրում ժողովրդավարական արժեքների տարածման, ինստիտուտների ամրապնդման, ազատ ընտրությունների անցկացման տեսակետից:

Քո վարքագիծը վիրավորական է ոչ միայն ընտրարշավին մասնակցող մեկ տասնյակից ավելի մրցակիցներիդ համար, այլև ողջ հասարակության, այդ թվում նրանց, ով այս կամ այն պատճառով մտադիր էր քվեարկել քո օգտին:

Հասկանալի է, որ անճաշակ և անբան սերիալներումդ, որոնցով արդեն մեծ վնաս ես հասցրել բազմաթիվ հայ երեխաների, որոնց այդ հումորը սկսում է ծիծաղելի թվալ, սովորել ես մոնտաժի: Հանրային քաղաքականության մեջ խոսքիդ համար պետք է սովորես պատասխան տալ, և իմանաս, որ թուլության նշան է հանրայնորեն արտահայտած խոսքդ թաքցնելու խղճուկ փորձը: Իզուր էիր մոնտաժում` ասել ես այն, ինչին հավատում ես: Անկեղծ կարծում ես, որ քեզ չընտրողը` սև է: Քեզ իրոք էն սերիալներիդ մեջի, լեզուս էլ չի պտտվում ասեմ «տղու» տեղն ես դրել:

Չգիտեմ, որքանով քո շրջապատը քեզ դա կբացատրի, բայց քարոզարշավիդ մեկնարկն այնքան վատն է, որ իրեն հարգող թեկնածուն, քո փոխարեն, միայն մեկ ճանապարհ կտեսներ շտկելու վիճակը` ինքնաբացարկ հայտարարելով: Միգուցե ցուցակիդ մեջի այլ թեկնածուներն այդ գործից մի քիչ ավելի լավ գլուխ հանեն: Ախր 2800 տարեկան քաղաք կառավարելն ամեն մեկի խելքի բան չէ:

Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյան (ԱԺ նախկին պատգամավոր). «Քաղաքապետի թեկնածու իշխանական Հայկոն մեկ անգամ ևս «պաշտոնապես» փաստեց, որ իրենք հասարակությունը բաժանել են սևի և սպիտակի, իսկ իրենց՝ սպիտակների դեմ, բնական է, խաղ չկա… 28 տարի շարունակ օրվա իշխանությունների կողմից այս մոտեցումը եղել է ժողովրդին շարունակաբար նվաստացնող ու արհամարհող, լկտի ու անպատկառ, և՝ ամենակենսունակ ու իշխանատենչ կարգախոսներից մեկը։ Իսկ մի քանի օր առաջ, երբ ստորև ներկայացվող տեսահոլովակում մտահոգություններս արտահայտեցի նման բաժանումի վտանգավորության և քաղաքական լյումպենիզմի մասին, համացանցում «սպիտակները» վայնասուն բարձրացրեցին, մերժեցին, վիրավորվեցին, թե բա՝ հակահեղափոխական սադրանք է… Վերջապես, «Նոր Հայաստան» կառուցողնե՛ր, դուրս եկեք ձեր կարգավիճակից անակնկալի եկած չտեսությունից, Հրապարակի «դուխով»՝ կոմեդիա մի սարքեք, այլապես այն կարող է վերաճել տրագիկոմեդիայի։ Մի խոսքով՝ խելքի եկեք, այլապես…»:

Վարդան Հարությունյան

Վարդան Հարությունյան («Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ). «Հայկ Մարությանն, իհարկե, ակտիվ քաղաքացի է։ Դրանում կասկած չկա։ Ժամանակին նա մասնակցել է նշանակալի բոլոր բողոքի ակցիաներին։ Եվ տրանսպորտի գնի հետ կապված, եւ Մաշտոցի այգու հետ կապված, եւ էլի ու էլի։ Սա նրան պատիվ է բերում։ Սա նրա քաղաքական թիմին նրան քաղաքապետի թեկնածու առաջադրելու հիմք է տալիս։ Բայց երբ նա հայտարարում է, թե կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր․․․եւ բոլոր նրանք ովքեր չեն ցանկանում, որ մենք հաջողության հասնենք սեւ ուժերն են ․․․ մեր դեմ խաղ չկա, նշանակում է նա չի հասկացել, թե ինչ է նշանակում առաջադրվել քաղաքապետի թեկնածու, լինել քաղաքական թիմի անդամ, լինել իշխանության թիմում եւ սեփական գործողություններով այդ թիմին հաջողություն ապահովել։ Հասկանալի է, իհարկե, թե ինչ է նա իր այս սխալ ձեւակերպումներով ասել ցանկացել եւ ում են ուղղված այս խոսքերը, բայց պարզ է 100%՝ նա իր նոր կարգավիճակը չի ընկալում»:

Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյան («Ժառանգություն» կուսակցության անդամ). «Էս ի՞նչ էր :
«Մեր դեմ խաղ չկա». Վանո Սիրադեղյան.
«Ո՞վ է այն տղամարդը». Ռոբերտ Քոչարյան.
«Ինչքան ուզենք՝ այնքան կխփենք». Սերժ Սարգսյան.
“Մեր դեմ խաղ չկա». Հայկ Մարության…

Կամ ի՞նչ է նշանակում՝ «պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք սպիտակներն ենք, իսկ ովքեր մեր դեմ են՝ սեւ» (հիշելով եմ վերաշարադրում, քանի որ բոլոր տեղերից տեսանյութը ջնջել են): Կամ որ «մեր թիմում հավաքված են բոլոր այն ուժերը, որոնք վերջին 20 տարում պայքարել են ռեժիմի դեմ»: Սա արդեն ժպտալու էլ չի: Սա պարզ մեծամտության, չհիմնավորված ինքնագոհության եւ պարզ ստի համադրություն է: Կարծում եմ Նոր Հայաստանի մայրաքաղաքը ղեկավարել հավակնող Հայկ Մարությանը ոչ թե պետք է համացանցից մաքրի իր հայտարարությունների հետքերը, այլ պետք է ներողություն խնդրի հանուն Նոր Հայաստանի տարիներ շարունակ պայքարած, բանտերով, կալանավայրերով, հետապնդումների միջով անցած այն բոլոր քաղաքացիներից եւ քաղաքական գործիչներից, որոնց 1 տոկոսն էլ ընդգրկված չէ մեր մրցակից ՔՊ-ի/Իմ քայլի հարգելի թիմում եւ որոնք իրենց կյանքի լավագույն տարիներն են նվիրել այդ պայքարին, ի տարբերություն իրեն՝ նման պարծենկոտ հայտարարություններ անող թեկնածուի»:

Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյան (Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ). «Քիչ առաջ կարդացի ՔՊ-ի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսքը․ «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են․․․մեր թիմի դեմը խաղ չկա»։ Հետաքրքիր է,ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, որոնք են «սև» ուժերը։ Հիշում եմ 90-ական թվականներին նման արտահայտության հեղինակին, ՆԳ նախարար, հետագայում Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանին։ Մի՞թե հերթական անգամ պատմությունը կրկնվելու է։ ՔՊ-ի ավագանու ցուցակում ինձ համար համակրելի թեկնածուներ կան։ Կուզենայի նրանց կարծիքն իմանալ, արդյոք նրանք համաձա՞յն են այս ձևակերպման հետ։ Նրանցից է Նարինե Թուխիկյանը, անցյալ տարի «Խավարում» ցուցահանդեսի կազմակերպիչը։ Ցուցահանդեսի կարգախոսն էր՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի․․․»:

Հայկ Մարության

«Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում պարզաբանել է իր հայտարարությունը՝ նշելով. «Սիրելի ժողովուրդ,

Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։

Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։

Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։

Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, և ես անձամբ իմ պարտքն եմ համարել և համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլևս երբեք չկարողանան դա անել։

Ընտրությունը ժողովրդինն է, և ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930