Մեր տեղեկություններով` ուրբաթ աշխատանքից ազատվել է «Սեւան» ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանը։ Վերջինս անցել է թոշակի։ Նրա փոխարեն նշանակվել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Լեոնիդ Մկրտչյանը։ Նա մինչեւ «Հրազդան» ՔԿՀ տեղափոխվելը հենց «Սեւան» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր ու մինչեւ հեղափոխությունն էր նշանակվել նախ պետի տեղակալ, այնուհետեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Նոր իշխանությունների՝ Լեոնիդ Մկրտչյանին պետ նշանակելու որոշումն ոգեւորել է «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալներին։ Ըստ նրանց՝ Մկրտչյանը ունի մարդկային լավ որակներ։ «Անունս չնշեք, թե չէ որ կարդան՝ ուրիշ բան կմտածեն։ Բայց ոսկի մարդ է, կալանավորին հասնող, խղճով մարդ է , հասկացող»,-նշեց մեր զրուցակիցը։
«Հրազդան» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Արտակ Ղազարյանը։ Վերջինս համակարգի հնաբնակներից է. տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, եղել է «Սեւան», «Նուբարաշեն» ՔԿՀ-ների պետի տեղակալ։ Ըստ մեր աղբյուրի՝ Արտակ Ղազարյանը «կարգին տղա է ու կարգին պաշտոնյա»։
Սպասվում է, որ նորանշանակ պետերը երկուշաբթի կներկայացվեն իրենց կոլեկտիվներին։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Լուսանկարում Լեոնիդ Մկրտչյանն է: