ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով պատասխանելով օգտատերերից մեկի հարցին Շանթ Հարությանյանի մասին, ասաց, որ Հարությունյանից պահանջվում է անել կես քայլ եւ ստորագրել համապատասխան փաստաթղթերը։
Ըստ Փաշինյանի, ինքը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ եւ առաջարկել պահման ռեժիմը փոխելով ազատ արձակելու տարբերակը, որը ինչպես վստահեցրեց վարչապետը, օրինական ճանապարհ է։ Սակայն, ինչպես ասաց Փաշինյանը, Շանթ Հարությունյանը հրաժարվել է։
«Մարդիկ, որ ասում են, թե չեն թողել Շանթ Հարությունյանը դուրս գա, հույս ունեմ հասկանում են, որ բանտն այն տեղը չէ, որտեղից բանավոր խոսքերի վրա դուրս են գալիս»,-ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ դա փաստաթղթային լուրջ գործընթաց է, իսկ Շանթ Հարությանյանին մնում է կես քայլն անել, ու ստորագրել։
Վարչապետն ասաց, որ ինքը ընտրվելու հետո փորձել է հասկանալ, թե ինչ օրինական ճանապարհներ կան քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ, հետաքրքրվել է Շանթ Հարությունյանի եւ այդ գործով նրա հետ դատապարտված մյուս քաղբանտարկյալներին ազատելու օրինականության մասին։ Եվ, իր նշած ճանապարհն է, որի միջոցով Հարությունյանը կարող է ազատ արձակվել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ