Ուժն է ծնում իրավունք
Գարեգին Նժդեհ
Պետության զարգացման ճանապարհին պետք է ուշադրության կենտրոնում պահել բոլոր բաղադրիչները` ընդհուպ մինչը ամենափոքր մասնիկը։
Իհարկե ավելի տրամաբանական կլիներ, եթե ես առաջինը խոսեի բժշկական ոլորտի մասին, սակայն այդ ոլորտին հետագայում կանդրադառնամ։
Այսօր ցանկանում եմ խոսել բիզնես ոլորտի մասին, մասնավորապես բարձրաձայնել արտահանողների առջև ծառացած խնդիրները, քանզի մեր երկրին, առաջ շարժվելու համար, անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որի աղբյուրներից մեկն անկասկած արտահանումն է։
Բազմաթիվ են բողոքներն այն մասին, որ առանց բացատրության, բոլոր օրինական փաստաթղթերի առկայության պարագայում շաբաթներ շարունակ հնարավոր չի լինում իրականացնել այս կամ այն ապրանքի արտահանումը։ Սրա արդյունքում մարդիկ կորցնում են իրենց արդեն կնքած պայմանագրերը, հսկայական ֆինանսական միջոցներ, վստահությունը արտերկրյա գործընկերների մոտ։ Համաձայնվեք, որ վերջինը վերականգնելը թերևս ամենաբարդն է։
Արդյունքը ստանում ենք այն, որ բիզնես-ոլորտը կրկին քայլում է դեպի մոնոպոլիզացիա, մի բան, որի դեմ պետք է պայքարել առանց ուժ խնայելու։
Մենք ստեղծող, խելացի, աշխատասեր և մեր հողը սիրող ժողովուրդ ենք։ Մենք կարող ենք և պարտավոր ենք ունենալ գերզարգացած պետություն և հասարակություն։
Արհեստական խոչընդոտները պետք է վերացվեն պետական մակարդակով։
Մարդիկ, ովքեր ստեղծում են այդ խոչընդոտները, նույնպես պետք է հասկանան, որ իրենք թուլացնում են Հայաստանը։ Իսկ այդ գործընթացից իրենց ստացած շահը շատ կարճ կյանք ունի և արժանի չէ հարգանքի։
Հարգելի պատասխանատու մարմինների բոլոր ներկայացուցիչներ, մի վախեցեք պաշտպան կանգնել մեր հայրենիքին, մի վախեցեք ձեր կարծիքն արտահայտելուց։ Աշխատեք` հարգելով օրենքը, հարգելով ինքներդ ձեզ և ձեր զբաղեցրած պաշտոնը։ Թույլ մի տվեք ձեզ դարձնել խաղալիք, քանզի խաղալիքները մի օր կոտրվում ու դեն են նետվում։
Ես իմ աջակցությունն եմ հայտնում բոլոր արտահանողներին և պատրաստակամությունս իմ ուժերի ու գիտելիքների ներածի չափով աջակցելու յուրաքանչյուրին։
Մարինա Խաչատրյան