«Հայ հասարակությունը բնավորություն ունի. շատ արագ մոռանում է տեղեկատվությունը: Այդ հինգ միլիարդը նոր թիվ չէ, դա եղել է կես տարի, մեկ տարի առաջ»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք վախեցնող ու մտահոգո՞ղ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հինգ միլիարդ դոլարը, այսպես պատասխանեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել էր. «Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 5 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է գնել»: Այնուհետև վստահեցրել էր, որ այդ ծավալները միտում ունեն աճելու:
Կարեն Վրթանեսյանը նշեց, որ այդ հինգ միլիարդը հայտնի թիվ է. «Իլհամ Ալիևի իշխանության 15 տարիների ընթացքում մոտ հինգ միլիարդի զենք է ձեռք բերվել Ռուսաստանից: Ինչքանով է դա ճշգրիտ թիվ, ասել չենք կարող, բայց հայտարարվել է, որ մոտ հինգ միլիարդ: Եթե նախկինում ասում էին հինգ միլիարդ, հիմա պարզ է, որ գերազանցած պիտի լինի: Բայց թե ի՞նչ ծավալով են գնումները լինելու ու ի՞նչ է գնվելու, դեռ հայտնի չէ, ուղղակի խոսակցություն է»:
Կարեն Վրթանեսյանը շեշտեց՝ պետք է հասկանանք, որ սա իրենց քարոզչության մի մասն է նաև մեզ ուղղված:
Այնուհետև հիշեցրեց՝ մեզ համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, այդ թվում նաև ծանր հարձակվողական սպառազինություն, և այդ սպառազինության որոշ օրինակներ կիրառվել էին նաև ապրիլյան պատերազմին. «Հինգ միլիարդի մեջ մտնում է ծանր հարձակվողական տեխնիկա, հեռահար հրետանային համակարգեր, որոնք ՀՀ-ի համար մտահոգիչ են և որոնցից առնվազն սմերչն ու ՏՕՍ-ը կիրառվել են ապրիլյան պատերազմի ժամանակ: Այո, Հայաստանին դա մտահոգում է բացի նրանից՝ ինչ կգնեն, չեն գնի, շատ մտահոգիչ է, որ մեր դաշնակիցը ծանր հարձակվողական սպառազինություն է վաճառել մի երկրի, որն անընդհատ սպառնում է ՀՀ-ն ոչնչացնել, գրավել Սյունիքը, էլ չեմ ասում Արցախի մասին»:
Կարեն Վրթանեսյանը հիշեց, որ նախկին իշխանությանը միշտ քննադատում էին այն բանի համար, որ բավականաչափ ճիգեր չէին գործադրում այդ սպառազինության վաճառքը կասեցնելու համար՝ ՌԴ-ից, Բելառուսից:
Ուստի մեր զրուցակիցը հարց բարձրացրեց՝ ի՞նչ են անում նոր իշխանությունները: Կարեն Վրթանեսյանը ցավով պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը չունի:
Մեր հարցին՝ իսկ ի՞նչ պիտի անեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երբ քննադատում էին, տպավորություն էր ստեղծվում, թե գիտեն՝ ինչ պիտի անեն: Նիկոլ Փաշինյանը, որ մոտ ժամանակներս Ռուսաստան է այցելելու, գուցե նաև այդ հարցո՞վ է գնահատական տալու և գուցե լուծումնե՞ր կարող են լինել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ալիևը հենց այնպես արտահայտություններ չի անում՝նա գիտի,որ ամեն այդպիսի հայտարարություն դժգոհություն է ստեղծում ընդեմ Ռուսաստանի,Մեհրաբյանը հերթական հոդվածն է սփռում ռուսների դեմ,ռուս մեկնաբանները հակահայկական ուղերձներ են հղում և այլն:Այսինքն նրա նպատակն է սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ,մեզ մեկուսացնել և իրենց մեծ,,եղբայրների,,հետ հաշվեհարդար տեսնել մեր նկատմամբ:Մենք ել Ալիևի սցենարով խաղում ենք մեզ առաջարկված դերը……