Լրահոս
Օրվա լրահոսը

Պանրով կարկանդակներ` հունական ձեւով

Սեպտեմբեր 02,2018 15:37

Պանրով կարկանդակների մի քանի տեսակ արդեն ներկայացրել եմ ձեր ուշադրությանը` շերտավոր խմորով պանրով կարկանդակն` այստեղ, ֆետա պանրով եւ սպանախով հունական կարկանդակն` այստեղ, բանջարեղենով եւ պանրով մաֆինները` այստեղ, շերտավոր խմորով փոքրիկ կարկանդակներն` այստեղ:

Այսօր ձեր ուշադրությանն եմ առաջարկում շատ նուրբ համով կարկանդակներ` հունական խոհանոցից:

Անհրաժեշտ մթերքները

Ֆիլո խմոր- 500 գրամ (պատրաստի խմորները վաճառվում են երեւանյան գրեթե բոլոր սուպերմարկետներում)

Բուսական յուղ- 2 բաժակ

Կաթնաշոռ- 200 գրամ

Պանիր (կարող եք վերցնել ցանկացած դեղին պանիր, բրինզա կամ ֆետա)-300 գրամ

Սպանախ- 2 կապ

Համեմունքներ` ըստ ճաշակի- օրինակ` աղացած կարմիր եւ սեւ պղպեղներ

Չորացրած կանաչիներ- օրինակ` ուրց, ծիթրոն, հազրեվարդ կամ «պրովանսյան կանաչիներ» – 1-2 ճաշի գդալի չափով

Ձու- 1 հատ

Պատրաստման եղանակը

Ֆիլո խմորը վաճառվում է սառեցված վիճակում: Այն պետք է ամբողջությամբ ապասառեցնել, որպեսզի հանգիստ աշխատեք հետը:

Սպանախը լավ լվացեք եւ չորացրեք: Պանիրը քերեք` եթե չոր է կամ տրորեք` եթե ֆետա կամ բրինզա է: Պանրին ավելացրեք կաթնաշոռը, ձուն, համեմունքներն ու չորացրած կանաչիները, կտրատած սպանախը: Լավ խառնեք:

Ֆիլո խմորից վերցրեք մի շերտ, երկայնքով բաժանեք 4 մասի: Փաստորեն մի շերտից կստացվի 4 կարկանդակ: Մի թեյի գդալ պանրային միջուկից դրեք երկար ուղղանկյունի տեսքով ֆիլո խմորի մի եզրին եւ սկսեք եռանկյունաձեւ ծրարել` լուսանկարներում երեւում է, թե ինչպես: Այդպես լցոնեք ողջ միջուկը: Ընդ որում, մինչեւ մի շերտ խմորի հետ աշխատում եք, մնացածը սրբիչով ծածկած պահեք, որպեսզի չչորանա, եւ կարողանաք աշխատել:

Փոքրիկ թավայի կամ կաթսայի մեջ լցրեք 2 բաժակ բուսայուղ, լավ տաքացրեք, ապա կրակը թուլացրեք: Պանրով կարկանդակներից 2-3 հատ (կախված ձեր կաթսայի չափից) լցրեք եռացող ձեթի մեջ: Պետք է ամբողջությամբ ընկղմվի մեջը: Պատրաստ է լինում վայրկյանների ընթացքում, եթե ձեթը լավ տաքացրած լինեք: Ընդ որում` չթողնեք շատ կարմրի` ֆիլո խմորը շատ նուրբ եւ բարակ է, շուտ է վառվում, զգույշ եղեք: Պատրաստի կարկանդակները հանեք եւ տեղավորեք սկուտեղի վրա, որի վրա դրված է մի քանի տակ ծալած թղթե անձեռոցիկ, որպեսզի ավելորդ բուսայուղը ներծծվի թղթի մեջ:

Կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ` սառած վիճակում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930