«Վաղ, թե ուշ հանգելու ենք նրան, որ նախաքննական գաղտնիքը վերացվի»,-Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե անհիմն է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մարտի 1-ի քրեական գործի նախաքննական գաղտնիքը վերացնելու մասին առաջարկը:
Մեր հարցին՝ այս հայտարարությունից հետո գործն ի՞նչ ընթացք կստանա, փաստաբանը պատասխանեց՝ ոչ մի կանխատեսում անել չի կարող, միայն նշեց. «Կարող եմ ասել, որ քրեական գործի որ նյութերը նախաքննության փուլում կհրապարակվեն, դա քննիչից է կախված: Ցանկացած նյութ, որն այս պահին համարվում է նախաքննական գաղտնիք, քննիչը կարող է թույլ տալ հրապարակել: Ընդհանրապես այդպիսի ընթացակարգ գոյություն ունի: Հիմա թե ինչու տվյալ դեպքում քննիչը, քննչական մարմնի ղեկավարը չեն ցանկանում, որ որոշակի նյութեր մեր կողմից հրապարակվեն, ես կարծում եմ՝ դա արվում է նրա համար, որպեսզի հնարավորինս երկար հանրությանը պահեն մոլորության մեջ կապված այս քրեական գործի հետ»:
Հայկ Ալումյանը վստահ է՝ վաղ, թե ուշ հանգելու են նրան, որ նախաքննական գաղտնիքը վերացվի. «Ուղղակի հիմա իրենք շատ մեծ առավելություն են ստանում այդ հանրային քննարկումների ընթացքում, որովհետև կարողանում են իրենք որոշել այն ծավալը, որը կհրապարակվի և իրենք էլ առաջինը հրապարակում են, իրենց ուզած ձևով էլ մեկնաբանում հրապարակվածը, որից հետո արդեն իսկ նրանց կողմից հրապարակվածի վերաբերյալ մենք սկսում ենք անել մեկնաբանություններ և որպես կանոն՝ հանրության աչքի առաջ ավելի հավաստի է թվում այն, ինչ ասվել է քննչական մարմնի կողմից, քան ինչ ասում ենք մենք»:
Փաստաբանը հայտնեց, թե մինչև ՀՔԾ պետի նշված հայտարարությունը, փորձել է ճշտել այն տեղեկությունների ցանկը, որոնք ըստ նախաքննական մարմնի՝ հանդիսանում են նախաքննության գաղտնիք և պետական գաղտնիք. «Այսպես անորոշ ձևով իրենք ինձ գրավոր պարտավորեցրել են, որ ես չհրապարակեմ նախաքննական և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները` կոնկրետ չմատնանշելով, թե գործի որ նյութերն իրենք նկատի ունեն: Ես դիմել եմ նախաքննական մարմնին՝ խնդրելով նյութերի ցանկը տալ, որոնք իրենց սահմանմամբ պարունակում են պետական կամ նախաքննական գաղտնիք, որպեսզի կարողանամ գոնե մնացած նյութերը հրապարակել: Եվ իրենք մերժել են նման ցանկ տրամադրելը»:
Հետևաբար Հայկ Ալումյանը նշեց, թե ստացվել է այնպես, որ իրեն ըստ էության դրել են այնպիսի վիճակի մեջ, որ եթե ինքը որոշի հրապարակել ցանկացած բան, դրա իրավունքն ունենալու է, քանի որ չեն կոնկրետացնում, թե որ նյութերը նկատի ունեն:
Հայկ Ալումյանը վստահեցրեց. «Շուտ թե ուշ բոլոր նյութերը կհրապարակվեն, հասանելի կլինեն բոլորին, և կհամոզվեք, որ այն գաղտնիության շղարշը, որ կա այս ամեն ինչի վրա, դա իրականում կարելի է գաղտնիք էլ չսարքել, շատ հանգիստ քննարկել, և թող ամենն իրենց հետևություններն անեն»:
Փաստաբանը շեշտեց՝ գործի բացահայտում ասելով՝ հաճախ երևի տարբեր բաներ ենք հասկանում: Այնուհետև պարզաբանեց. «Պարոն Քոչարյանին վերաբերող մասը վերջերս է բերվել, կպցվել այս գործին: Այս գործն ասելով՝ նկատի ունենք մարտի 1-ի գործը, և այդ գործի բացահայտում ասելով՝ ես ենթադրում եմ, որ մարդկանց մեծ մասը նախ նկատի ունի այդ տասը զոհերին, թե ով է սպանել, ով է զինել, ով է սպանողներին հրահանգավորել, հրամանն ով է տվել, հրաման տվողին ով է հրաման տվել: Չդառնա այնպես, որ մարտի 1-ի գործի բացահայտում ասելով՝ նկատի ունենք, որ բացառապես պարոն Քոչարյանի և ևս երկու հոգու քրեական պատասխանատվության հարց է ընդամենը փորձում լուծվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ