«Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 5 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է գնել»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:
Իլհամ Ալիևը տեղեկացրել է. «Մենք քննարկել ենք հետագա համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, որն արդեն ունի մեծ ավանդույթներ: Ռուսաստանից Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմատեխնիկական արտադրանքը գերազանցում է 5 միլիարդ դոլարը և այդ ծավալները միտում ունեն աճելու»:
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է Զինված ուժերի արդիականացումը, իսկ Ռուսաստանը համարվում է միջազգային շուկաներում ռազմարդյունաբերական արտադրանքի ամենակարեւոր արտադրողը:
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Ռուսաստանն առաջատարներից է այն երկրների շարքում, որոնցից Ադրբեջանը գնում է ռազմական տեխնիկա: Ադրբեջանը զինտեխնիկա է գնում նաեւ Բելառուսից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից եւ Չեխիայից: Գնված զենքի մի մասը, այդ թվում `Ռուսաստանից ձեռք բերված, ցուցադրվել էր հունիսին՝ Ադրբեջանի Զինված ուժերի ստեղծման 100-ամյակին նվիրված ռազմական շքերթում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ