Այն ամենը, ինչ վերջերս տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մարտի 1-ի հետ կապված, շատերի համար էր անսպասելի: Նկատի ունենք թե՝ Քոչարյանի կալանավորումը, թե՝ Քոչարյանի օգտին կազմակերպված ստորագրահավաքն ու ելույթները, և թե՝ Լավրովի ու ընդհանրապես Մոսկվայի արձագանքը տեղի ունեցածին: Ակամա մտածում ես, որ մարտի 1-ի իրադարձություններից անտեղյակ չի եղել նաև Մոսկվան: Համենայնդեպս, Մոսկվայի կտրուկ, անսպասելի ու բացասական արձագանքը դրա վկայությունն է:
Մոսկվայի բացահայտ արձագանքն, իրոք, շատերիս համար անսպասելի էր, բայց առավել անսպասելի էր որոշ հայերի ու հայաստանցիների արձագանքը: Ստորագրահավաքը նկատի չունենք: Եվ ոչ էլ՝ Քոչարյանի դատապաշտպանների ու Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունները: Եվ ոչ էլ՝ Վերաքննիչ դատարանի որոշումը: Նկատի ունենք որոշ վերլուծաբանների, լրատվամիջոցների ու լրագրողների ընդգծված դրական վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյան նախագահի ու անձի հանդեպ: Այս ամենը վկայում է, որ Քոչարյանի առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ ռիսկի է գնացել: Համոզված ենք, որ եթե Փաշինյանը նաև հոկտեմբերի 27-ին անդրադառնա, ավելի մեծ ռիսկի կգնա, որովհետև մենք գիտեինք, և կյանքն էլ դա ապացուցեց, որ մարտի 1-ին Քոչարյանի կողքին ավելի շատ մարդիկ են եղել, քան ենթադրելի էր: Ընդ որում, կյանքը նաև ցույց է տալիս, որ մարտի 1-ի հարցում Ռուսաստանի «դաբրոն» էլ է եղել. Լավրովի ու ռուսներից շատերի կտրուկ ու բացասական ռեակցիան դրա վկայությունն էր:
Ենթադրում ենք, որ եթե հոկտեմբերի 27-ի գործն էլ բացվի ու քննվի, աղմուկը վերստին մեծ կլինի՝ թե՛ դրսից և թե՛ ներսից: Որովհետև ենթադրում ենք, որ, ինչպես մարտի 1-ի , հոկտեմբերի 27-ի սպանդի հետ նույնպես շատ մարդիկ են կապված (թե՛ ներսից, և թե՛ դրսից), քան կարելի է ենթադրել: Նաև կարելի է ենթադրել, որ հոկտեմբերի 27-ի բացահայտման դեպքում աղմուկն ավելի մեծ կլինի. թե՛ ներսից, և թե՛ դրսից: Որովհետև նաև ենթադրում ենք, որ հոկտեմբերի 27-ի սպանդին ավելի շատ մարդիկ են խառը, քան՝ մարտի 1-ի սպանդին:
Որ դաշնակցական ու հանրապետական պատգամավորները Ռոբերտ Քոչարյանի օգտին ստորագրահավաք էին կազմակերպել, դա իրենց իրավունքն ու իրենց գործն է: Եվ որ Խոսրով Հարությունյանն էլ է այդ ստորագրահավաքին միացել, դա էլ իր իրավունքն ու իր գործն է: Եվ որ նույն Խոսրով Հարությունյանը հայտարարում է, որ Հանրապետության երկրորդ նախագահին կալանավորելով՝ պետության խորհրդանիշներից մեկին ենք կալանավորում, դա նույնպես իր իրավունքն ու իր գործն է: Բայց վատն այն է, որ տարիներ առաջ, երբ նույն Ռոբերտ Քոչարյանը կասկածելի ինչ-որ մեկի կասկածելի ցուցմունքով Վանո Սիրադեղյանին էր փորձում կալանավորել, նույն Խոսրով Հարությունյանի մտքով անգամ չէր անցնում, որ կալանավորում են պետության և Հայաստանի Երրորդ հանրապետության խորհրդանիշներից մեկին: Ասվածը վերաբերում է ոչ միայն Խոսրով Հարությունյանին: Վանո Սիրադեղյանի պարագայում նույնիսկ ստորագրահավաք էլ չկազմակերպվեց: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի առիթով կազմակերպվեց, ընդ որում՝ չափազանց մեծ ցուցակով:
Քոչարյանի եղբոր աղջիկն ասում է, որ այսօր Հայաստանում վախի մթնոլորտ կա, մինչդեռ Քոչարյանի օգտին կազմակերպված ստորագրահավաքը հակառակի մասին է խոսում: Եթե Հայաստանում այսօր վախի մթնոլորտ լիներ, դժվար թե նման ստորագրահավաք տեղի ունենար: Եթե Հայաստանում այսօր վախեցողներ կան, դրանք այն մարդիկ են, ովքեր վախենում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Որովհետև, համաձայնվեք, Փաշինյանն իսկապես մեծ ռիսկերի է գնում: Քոչարյանի պարագայում առանձնապես: Քոչարյանի պաշտպանության ստորագրահավաքն էլ է այդ մասին վկայում: Բայց Փաշինյանն արդեն սկսել է և կարծես թե հետդարձի ճանապարհ չունի: Ինչպես ասում են՝ էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու: Եվ իսկապես: Շատերն են այսօր մտահոգված, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց մեծ ռիսկերի է գնում՝ վտանգելով իրեն: Մանավանդ որ՝ էս գործերում, փաստորեն, Նիկոլը մենակ է՝ ինչպես որ հեղափոխական գործերում էր գրեթե մենակ:
Ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ հիմա, որևէ կուսակցություն կամ քաղաքական ուժ չի կիսում Նիկոլի պատասխանատվությունն ու ծանրաբեռնվածությունը: Նույնիսկ Դաշնակցությունը, որը, փաստորեն, Փաշինյանի կոալիցիոն գործընկերն է, հանդես եկավ Քոչարյանի պաշտպանությամբ: «Ելք» դաշինքն էլ էս հարցերում առանձնապես չի օգնում Փաշինյանին, և վերջինս ստիպված է ապավինել ԱԱԾ-ին և անձամբ Արթուր Վանեցյանին: Ուրիշ օգնող չունի: Գրեթե չունի:
Չհաշված, իհարկե, շարքային քաղաքացու բարոյական աջակցությունը: Որը, բարեբախտաբար, բավական լուրջ գործոն է:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ