Երեխաները շախմատ են խաղում, նկարում, հյուրասիրվում. այսօր Գիտելիքի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրի դարպասները բացվեցին երեխաների և նրանց ծնողների առաջ: Երեխաների տրամադրության տակ էին նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին:
Առավոտյան ժամը՝ 09.30-ից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմավորում էր տարբեր դպրոցների երեխաների և կրթական հաստատությունների երեխաներին:
Նրանք էլ մի տնակ էին պատրաստել, տանիքը նկարազարդում էին և բարեմաղթանքներ գրում, որպեսզի նվիրեն ՀՀ նախագահին:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը վստահեցրեց՝ ավանդույթ է դառնալու, որ շաբաթ կիրակի օրերին ՀՀ նախագահի նստավայրի այգու դռները բացվեն քաղաքացիների առաջ:
Հարցին՝ ինչո՞ւ չի այցելել որևէ դպրոց, այլ աշակերտներին է իր մոտ հրավիրել, Արմեն Սարգսյանը պատասխանեց՝ երկուշաբթի այցելելու է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, իսկ այսպես բոլոր դպրոցների երեխաներին հնարավորություն կունենա տեսնել:
Հարցին՝ սիրե՞լ է դպրոցը, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Դպրոցը սիրել եմ. մեր տարիներին դպրոցն արժեքավոր էր: Չեմ զգացել, որ դպրոցում դժվարություններ կան: Մի փոքրիկ գաղտնիք կա. ամռանը, երբ հանգստանում էինք, հայրս սովորեցրել էր ամառվա ընթացքում հաջորդ տարվա դասագրքերը միասին անցնում էինք, հետևաբար ես սեպտեմբերի մեկին, երբ գալիս էի դպրոց, արդեն համարյա գիտեի այդ դասերը: Դրա համար դաս սովելը երբեք խնդիր չի եղել: Չես կարող ուժով որևէ բան անել: Եթե քեզ համար այդ պրոցեսը բնական է, հանգիստ ես անում, իսկ եթե պարտադրանք է, լարվում ես, դժվարանում»:
Արմեն Սարգսյանը գերազանցությամբ ավարտել է դպրոցը, համալսարանը, ոսկե մեդալակիր է, Լենինի կրթաթոշակակիր:
Հարցին՝ ՀՀ կրթական համակարգի մակարդակն իրենց բավարարո՞ւմ է, Արմեն Սարգսյանը պատասխանեց՝ աշխարհում չկա կրթական համակարգ, որ ինձ բավարարի. «Եթե ձեզ թվում է՝ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում կրթական համակարգը փայլուն ու լավագույնն է, այդպես չէ: Այն կրթական համակարգերը, որոնք պետական են, Աստված օգնի պետական նրանց: Եվրոպայում էլ շատ բարձր փող են վճարում մասնավոր կրթության համար: Մեր կրթական համակարգում կան լավ ավանդույթներ, կան պետական և մասնավոր դպրոցներ, որոնք լավն են, կան մասնավորներ, որոնք թանկ են»:
Արմեն Սարգսյանը կարևորեց ազատ կրթական համակարգը. «Երեխաներն իրենց պետք է ազատ զգան: Ազատ աշխատելու ճանապարհն է կրթության ճանապարհը: Կարևոր է, որ մեր դպրոցները լինեն համասեռ: Տաղանդավոր երեխաները չեն ծնվում Երևանում՝ օպերայի մերձակայքում, այլ ծնվում են ամենահեռավոր գյուղերում, ամեն տեղ: Պետության կարևոր խնդիրներից մեկն է քաջալերել բոլորին և գտնել յուրաքանչյուր երեխայի մեջ իր տաղանդը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ