Լրահոս
Օրվա լրահոսը

Հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ է բաշխել երկու հայկական պետությունների դերերը. Արցախի ԱԳ նախարար

Սեպտեմբեր 01,2018 17:36

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը գլխավորապես ստեղծվել է 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով, որը մեծ հարված է հասցրել և հետ շպրտել կարգավորման գործընթացը։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

 -Պարո՛ն Մայիլյան, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարծես թե հայտնվել է փակուղում։ Բանակցություններ, որպես այդպիսին, առկա չեն, համանախագահներն էլ կարծես թե դժվարանում են այնպիսի առաջարկներ ներկայացնել, ինչը կողմերին կբերի բանակցային սեղանի շուրջ։

Նման իրավիճակն արդյո՞ք աննախադեպ եք համարում։ Հնարավո՞ր եք համարում, որ դա նաև հետևանք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այն կոշտ դիրքորոշման, որ Հայաստանը բանակցելու է միայն իր անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցեն Արցախի իշխանությունները։

 -Ներկայումս կարգավորման շուրջ խորհրդատվությունների գործընթացը փոքր-ինչ դանդաղել է՝ կապված Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխության և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության հետ։ Կարգավորման պատմության մեջ բազմիցս են եղել դադարներ՝ կապված Արցախում, Ադրբեջանում և Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև համանախագահող երկրներում ընտրական գործընթացների հետ։

Գործընթացի ակտիվացման համար, նախ և առաջ, անհրաժեշտ է ջանքեր գործադրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործման ուղղությամբ։

Կարծում եմ, ներկայումս կարևոր է կարգավորման գործընթացում ապահովել դինամիկա, իսկ գործընթացի բովանդակության մասին կարելի է խոսել ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, ապա գտնում ենք, որ այն կառուցողական է և լիովին համապատասխանում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը։ Այս առումով հարկ է նշել, որ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցության վերականգնման անհրաժեշտության մասին, ինչն առանցքային նշանակություն ունի գործընթացի արդյունավետության բարձրացման և իրական առաջընթացի ապահովման համար։

Հայաստանի նոր վարչապետի՝ Ադրբեջանի ղեկավարության հետ բացառապես Հայաստանի Հանրապետության անունից բանակցելու պատրաստակամության մասին արված հայտարարություններն արդիական են դարձնում լիարժեք եռակողմ բանակցային ձեւաչափի վերականգնման մեխանիզմ փնտրելու անհրաժեշտությունը: Օրինակ, կարելի է հստակ կերպով բաշխել երկու հայկական պետությունների դերերն ու պարտականություններն Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը կարող էր հրաժարվել Ադրբեջանի եւ միջնորդների հետ քննարկել կարգավորման այն առանցքային հարցերը, որոնք, ըստ պայմանավորվածության, կվերապահվեին Արցախի Հանրապետության իշխանությունների բացառիկ իրավասությանը: Այդ պարագայում միջնորդներին եւ երրորդ կողմին այլ տարբերակ չէր մնա, քան բանակցային սեղանի շուրջ հրավիրել Արցախի պաշտոնական պատվիրակությանը:

Բանակցային գործընթացի եռակողմ ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը, և հենց այդ ձևաչափով բանակցությունների ընթացքում հնարավոր եղավ արձանագրել առավել շոշափելի արդյունքներ` 1994թ. հրադադարի մասին Համաձայնագիրը, ինչպես նաև 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին պայմանավորվածությունները:

 -Մեկ անգամ չէ, երբ Արցախից եղել են արձագանքներ, այդ թվում՝ պաշտոնական, որ Մադրիդյան սկզբունքներն Արցախի համար ընդունելի չեն։ Անհրաժե՞շտ եք համարում, որ ՀՀ նոր իշխանությունները հրաժարվեն նախկինում  ձեռք բերված պայմանավորվածություններից և բանակցային գործընթացում առաջ քաշեն նոր մոտեցումներ։

 -Հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանի նոր կառավարությունը ձևավորվել է ընդդիմության կողմից,  այն մանևրելու բավականին լայն դաշտ ունի, ինչը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Երևանի նախկին դիրքորոշումների ճշգրտման համար գործողությունների որոշակի ազատություն է տալիս։

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930