Լրահոս
Օրվա լրահոսը

Դասերի հետ մեկտեղ պետք է նաև լավ սերտել երթևեկության կանոնները. Վալերիյ Օսիպյան (տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2018 16:41

Սեպտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 հիմնական դպրոցում էր, հարազատ դպրոցում, սիրելի ուսուցչուհու՝ Անժելա Յակովլևնայի կողքին։

Գիտելիքի օրվա միջոցառումն, ինչպես բոլոր դպրոցներում, այստեղ էլ սկսվեց Տերունական աղոթքով։ «Հայր մերին» հաջորդեց պետական օրհներգը։ Դպրոցում է կերտվում ազատ ու անկախ հայրենիքի գիտակցմամբ քաղաքացին: Երգ ու պար, շնորհավորանքներ, գրկախառնություններ, սելֆիներ, նաև ելույթներ։ Ոստիկանության պետը գիտելիքի օրվա առթիվ դպրոցականներին ուղղված շնորհավորական խոսքում հատուկ ընդգծեց ուսուցիչների դերը։ Ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ծառայողներն առաջին դասարանցիներին եռագույն ծաղկեփունջ ու շնորհավորական բացիկներ նվիրեցին:

Սակայն նրանց ստանալիք լավագույն նվերը գիտելիքն է։ Առաջին զանգն ազդարարեց՝ ուսումնական տարին սկսված է։ Փոքրիկների անվտանգությամբ մտահոգ՝ նրանց հանձնվեցին «Փոքրիկ ոստիկանը» ուսուցողական գրքեր ու լուսանդրադարձիչ թևնոցներ։ Վալերիյ Օսիպյանն առաջին դասարանցիներին ասաց, որ «Փոքրիկ ոստիկանն» էլ անվտանգ երթևեկության այբուբենն է, ուստի պետք է դասերի հետ մեկտեղ նաև լավ սերտել երթևեկության կանոնները։ Ոստիկանության պետն աշակերտներին ևս մեկ անգամ հաջողություն մաղթելուց հետո ուսուցչուհու հետ շրջեց դպրոցում՝ փաստելով՝ ամեն ինչ նույնն է, նույնքան հարազատ։

Վալերիյ Օսիպյանի հրամանով արդեն ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության: Այսուհետ ճանապարհի բանուկ հատվածներին մոտ գտնվող դպրոցների տարածքում ճանապարհային ոստիկանության կարգախմբերը կապահովեն, որ դպրոցականները փողոցն անվտանգ անցնեն, նաև՝ դպրոցների մոտ մեքենաների կուտակումներ չլինեն: Ու ոչ միայն այդտեղ. Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը անվտանգ երթևեկություն կապահովեն նաև ուսումնական հաստատություններ տանող փողոցներում ու խաչմերուկներում՝ բացառելով խցանումներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները: Ի դեպ, վերջին տարիներին իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում՝ տուն-դպրոց, դպրոց-տուն ճանապարհներին երեխաների մասնակցությամբ պատահարներ չեն արձանագրվել: Այս տարի ևս ոստիկանությունը կանի ամեն ինչ դրական արդյունք ապահովելու համար։ Հատկապես, որ ծառայությունը գնահատվում է հասարակության կողմից։

Ի դեպ, հանրապետության բոլոր մարզերի, բոլոր քաղաքների, բոլոր դպրոցների մոտ ոստիկանության ծառայողները կապահովեն աշակերտների անվտանգությունը՝ բացառելով անցանկալի դեպքերը։

Ուժեղացված ծառայությամբ երեխաների անվտանգությունը կապահովեն նաև «հրեշտակներն» ու անչափահասների գործերով ծառայողները: Նրանք էլ, ինչպես մանկավարժները, դպրոցում անելիքներ ունեն: Վաղ առավոտից Երևանի դպրոցներում էին ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները։ Վերջին տարիներին նրանց ակտիվ աշխատանքը էականորեն նպաստել է աշակերտների իրավագիտակցության բարձրացմանը․ աշակերտները ոստիկանին վերաբերվում են որպես սրտացավ ընկերոջ ու պաշտպանի։

Աշակերտներին մաղթենք արդյունավետ դասաժամեր ու գիտելիքների նոր պաշար, նրանց անվտանգությունն ապահովող ոստիկաններին ՝ բարի ծառայություն։

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930