Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իհարկե, մենք կարծիքներ փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, մասնավորապես, բնականաբար, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին: Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը կշարունակի հնարավոր բոլոր ջանքերը այդ հակամարտության խաղաղ լուծմանն աջակցելու ուղղությամբ»,- ասել է Պուտինը:
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կրում են գործընկերային, փոխշահավետ բնույթ, իսկ նոր բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն դրանց:
«Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց կապված են բարեկամության և համագործակցության ամուր կապերով: Մեր պետությունների հարաբերությունները կրում են գործընկերային, փոխշահավետ բնույթ՝ հիմնված բարիդրացիության, միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա»,- ասել է Պուտինը:
Նա հույս է հայտնել, որ այս բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն ռուս-ադրբեջանական կապերի հետագա զարգացմանը:
«Հենց դրան է ուղղված Ադրբեջանի նախագահի հետ ստորագրած համատեղ հայտարարությունը, ինչպես նաև միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրերի փաթեթը»,- ասել է նա:
Ավելի վաղ երկկողմ հարաբերությունների մակարդակից գոհունակություն էր հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ նման հանդիպումները դինամիկա են հաղորդում այդ կապերին:
«Հարաբերութունները զարգանում են լիարժեք, շատ արդյունավետ, ակտիվ քաղաքական երկխոսություն է: Մենք գրանցել ենք ապրանքաշրջանառության աճ, ինչը խոսում է մեր երկրների տնտեսություններում դրական միտումների մասին: Նաև վկայում է այն մասին, որ կա տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Վստահ եմ, որ ապրանքաշրջանառությունը կավելանա և հաջորդող տարիներին»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ