«Ով կհաղթի՝ մենք, թե ուրիշ թեկնածու, մենք շնորհավորելու ենք»,-Aravot.am-ի հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածը կկիսվի, քանի որ Արարատ Զուրաբյանը Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է Երևանցիներ կուսակցությունների դաշինքով, այսպես պատասխանեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք՝ այսօր Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանը երեխաների համար Ծառուկյանը կազմակերպեց Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում: Այդ ընթացքում երեխաներին պաղպաղակ էին բաժանում Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ ավագանու թեկնածու, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը: Երեխաներին զվարճացնում էին մուլտհերոսները:
Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց՝ այս անգամ էլ բոլոր իրենց խոստումներն ի կատար են ածելու ու հավելեց. «Չկա պատմության մեջ մի բան, որ Ծառուկյանը խոստացած լինի, ասած լինի ու չիրականացնի: Ծանոթ կլինեք, կներկայացնենք մեր ծրագրի կարագույն խնդիրները և լուծումները համապատասխան, մեր երևանցիների ցավն էլ տանեմ, կծանոթանան բոլոր թեկնածուների արածի հետ, գործունեությանը, ոչ թե միայն խոսելով, այլ իրական կյանքում: Ում կընտրեն, իրենց ցավն էլ տանեմ. իրենց քաղաքն է, իրենք էլ պարտավոր են ընտրել»:
ԲՀԿ ղեկավարը հայտարարեց՝ բոլորին զգուշացված է՝ որևէ մեկին տառ ու բառ իրավունք չունեն վիրավորելու: Թող իրենց ծրագրերը ներկայացնեն, ոչ թե գեղեցիկ գրված, այլ իրական սկզբունքն ու մոտեցումը՝ ոնց է լինելու:
Մեր հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ավագանու արտահերթ ընտրություններին, նոր իրողություննե՞րն են պատճառը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հիմա նոր Հայաստան է, արդեն բոլորն իրենց մոտեցմամբ, մտածելակերպով իրենք քաղաքում են ապրում, իրենք պետք է մասնակցեն, ոչ թե ասում էին՝ ոնց որոշենք, այդպես պիտի շարունակվի, բոլոր ճանապարհները Մելիք Ադամյանով են անցնելու, այլ հիմա հնարավորություն է տրված, մենք էլ մասնակցում ենք և կազմում ենք մեր ծրագրերը, մեր գործընկերներն են գալու, քարոզարշավին ներկայացնելու ենք իրենց ծրագրերը ու իրենց աջակցությունը ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում, որ իրենք պատրաստակամ են ծրագրեր իրականացնել և ներդրումներ անել»:
Մեր հստակեցմանը՝ վստա՞հ եք, որ ընտրակաշառք չի լինելու Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Վստահը վստահ եմ, բայց ամենը ինչ ժամանակը ցույց կտա, ձեր ցավը տանեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Փաստտորեն վերջապես խոստովանեցիր ,որ նախորդ ավագանու ընտրություններին չէք մասնակցել ոչ թե այն պատճառով, որ Երևանի մասին ծրագիր չունեք/ / որը ինքնին ծիծաղել է/ այլ մեծ պապան չէր թույլատրել: Սա ի գիտություն Երևանցիներին