Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. 1-2 շաբաթվա ընթացքում Լեզվի կոմիտեի ղեկավարը կներկայացնի հայոց լեզվի քննական թեստի նոր տարբերակ

Սեպտեմբեր 01,2018 15:35

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզ, որտեղ այս տարվանից անցում է կատարվում համընդհանուր ներառական կրթության: Նախարարը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ, ներկա է գտնվել Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի սեպտեմբերմեկյան հանդիսությանը:

Շնորհավորելով դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին` նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ նախարարը նշել է, որ նոր Հայաստանում մտածող, սովորող և կարդացող մարդը բարձրագույն արժեք է, և այս ճանապարհին շատ մեծ է ուսուցչի դերը. «Ես այցելել եմ Արմավիրի մարզ և Սարդարապատ երկու պատճառով. նախ` սեպտեմբերի 1-ից Արմավիրի մարզը անցնելու է համընդհանուր ներառման, որը շատ կարևոր քայլ է: Ես կարծում եմ, որ այն հասարակությունը, որը լավագույնս անցում է կատարում համընդհանուր ներառման համակարգին, բարձրանում է զարգացման նոր մակարդակի, որտեղ կան միանգամայն այլ առաքինություններ: Ներառական հասարակություններում համակեցությունը, փոխադարձ հարգանքը, սերը բոլորովին այլ հարթության վրա են գտնվում: Այցիս երկրորդ պատճառը՝ ԿԳ նախարարության համար մարզերը շատ կարևոր են, և մարզային կրթության խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Սարդարապատի դպրոցում, նախարարի ներկայությամբ, վիճակահանությամբ տեղի է ունեցել առաջին դասարանցիների դասարանների ձևավորման արարողությունը: Դպրոցի բակում, ուսուցիչների, աշակերտների և բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ, ձևավորվել են երեք առաջին դասարանները, ընտրվել են դասվարները: Այս նախաձեռնությունը նախարար Արայիկ Հարությունյանը շատ կարևոր է համարել՝ նշելով, որ հաջորդ տարվանից Երևանում պետք է ներդրվի առաջին դասարանների ձևավորման հենց այս մոդելը: Դպրոցում նախարարը հանդես է եկել նաև բաց դասով, որի թեման եղել է կրթության բարեփոխումներն ու տեսլականը:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով համընդհանուր ներառական կրթության հարցին՝ ԿԳ նախարարը նշել է, որ հարմարեցումների առումով դեռ շատ խնդիրներ կան ինչպես Արմավիրում, այնպես էլ մնացած մարզերում. «Ունենք նաև ուսուցիչների, կրթության կառավարիչների, ծնողների վերապատրաստման հետ կապված հարցեր: Այս փուլում առաջ եկած խնդիրները մենք քայլ առ քայլ լուծելու ենք, և վստահ եմ՝ մի քանի տարի հետո ունենալու ենք շատ լավ համակարգ»:

Նախարարի տեղեկացմամբ՝ ներկայումս համընդհանուր ներառումը ներդրված է Սյունիքի և Տավուշի մարզերում, իսկ Արմավիրում համակարգը ներդրվում է այս սեպտեմբերից: Այդ նպատակով Արմավիրի մարզում հատուկ դպրոցները վերակազմավորվել են մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, որոնք մասնագիտական աջակցություն են ապահովելու դպրոցներին՝ ներառական կրթության կազմակերպման հարցում: Կոնկրետ Սարդարապատի դպրոցում, որտեղ ներառական կրթությունը ներդրվել է մի քանի տարի առաջ, այժմ շուրջ 680 աշակերտներից 50-ը հատուկ կարիքով երեխաներ են. «Հատուկ կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի համար կարիքի գնահատում է կատարվում, ըստ անհրաժեշտության կազմվում է կրթության անհատական ծրագիր, և ըստ այդ ծրագրի` երեխան ստանում է կրթություն՝ սովորական դպրոցում»,- նշել է նախարարը և հավելել, որ համաձայն կազմված ժամանակացույցի ողջ հանրապետությունում ներդրվելու է համընդհանուր ներառական կրթություն: Հերթական հաջորդ մարզերը լինելու են Շիրակը և Արագածոտնը: Միաժամանակ աշխատանքներ կտարվեն` հաջորդ տարվանից համընդհանուր ներառումը փուլ առ փուլ Երևանում ներդնելու ուղղությամբ:

Ի պատասխան լրագրողի հարցի՝ ԿԳ նախարարն անդրադարձել է նաև ավարտական քննական թեստերին և տեղեկացրել, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում Լեզվի կոմիտեի ղեկավարը կներկայացնի հայոց լեզվի քննական թեստի նոր տարբերակ, որի մասին կհայտարարվի: Նրա խոսքով` նոր թեստերը կստուգեն աշակերտի վերլուծելու, քննելու և ոչ թե անգիր անելու ունակությունները: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը՝ նշելով, որ հարցը կքննարկվի 2019 թվականի պետական բյուջեի ձևավորման ժամանակ:

ԿԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930