Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղից մեծ արտագաղթ է եղել: Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցը նոր ուսումնական տարում ունի 17 աշակերտ: 2011-2012 ուսումնական տարում Բարեկամավանի դպրոցում սովորում էր 35 աշակերտ:
Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը հայտնեց, որ նոր ուսումնական տարում դպրոցն ունի մեկ առաջին դասարանցի՝ Արեն Ղարաքեշիշյանը: Տնօրենն ասաց, որ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սահմանամերձ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին շնորհավորելու են գնացել Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը, որի երեխան սովորում է այդ դպրոցում եւ գյուղի սահմանները պաշտպանող զինծառայողները:
Ա. Ազատյանը հայտնեց, որ սեփական ուժերով փոխում են դպրոցի շենքի դռները եւ պատուհանները, սակայն իրենց ամենից շատ մտահոգում է դպրոցի աշակերտների փոքր քանակը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Սովետական հերթական փուչ ու անիմաստ տօնն են նշում՝ Սեպտեմբերի 1 – իբր թէ գիտելիքի օրը: Արդէն հասցրել են, իրար հերթ չտալով, բարեմաղթանքներ յղել՝ վարչապետ, նախագահներ, ԱԺ նախագահ, անգլերէնի գիտակը, ԱԽՔ-ը՝ խօսելով էզոթերիզմից ու մէջբերելով անուանի քիմիկոս Դեյվիի ասոյթները: Ձեր սիրելի կաթողիկոսն էլ յետ չի մնացել. իր օրհնութիւնն է բաշխել Մայր աթոռ Սբ. Էջմիաջնից (ի դէպ, մենք, որ մէկին «վատութիւն» ենք ցանկանում, կատակով ասում ենք «Ա՜յ, Գարեգինը քեզ օրհնի»):
Անշուշտ Սեպտեմբերի 1-ը կարելի է յիշատակել որպէս առանձանյատուկ օր: Ամէն դէպքում կարեւոր գործի սկիզբ է: Բայց այն դարձնել տօն՝ այսինքն փառաբանութեան ու ցնծութեան օր, կարող էին անել միայն ուղնուծուծով Homo sovieticus-ները («տօնի մասին»՝ праздник в СССР с 1984 года, введённый Указом Президиума Верховного Совета СССР): Եւ պատահական չէ, որ օրը «տօնական» է նաեւ Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում եւ այլ տխրահռչակ երկրներում:
Արդէն նշեցի, որ փուչ է այս տօնը, ինչպէս որ փուչ են ձեր բոցաշունչ բարեմաղթանքները, յարգելի պաշտօնեաներ: Ձեր այս խօսքերը, որ յղել էք, ո՜չ մի արժէք չունեն եւ հայաստանեան իրականութիւնից ամբողջովին կտրուած են:
Սեպտեմբերի 1-ը նախ եւ առաջ հաշուետուութեան օր պիտի լինի՝
1. Քանի՞ հոգով պակասեց դպրոցականների թիւը:
2. Քանի՞ հոգի այս տարի դարձաւ ուսանող եւ ինչ միաւորներով ընդունուեցին ԲՈՒՀ (որոշ մասնագիտութիւններ այնքան թափուր տեղեր ունեն, որ դիմորդը հարցաթերթիկում միայն անունը լրացնելով ուսանող է դառնում):
3. Քանի՞ սահմամերձ գիւղ առաջին դասարանցի չունի:
4. Ի՞նչ արեցինք երկրի պետական լեզուն լատինատառ ու կիւրեղատառ այբուբենների գրոհից պաշտպանելու առումով:
5. Ի՞նչ արեցինք գիտութեան ֆինանսաւորման հարցում:
Սրանցից ամէն մէկը աղէտ է, որ կամաց-կամաց, բայց հաստատուն քայլերով մաշում է Հայաստանը: Եւ այստեղ չեն օգնելու ո՛չ անգլիացի Համֆրին, ո՛չ էլ Էջմիածնեցի Գարեգինը:
Արէն, սիրելի՛ս, քեզ սրտանց կանաչ ճանապարհ եմ մաղթում: Հաւանաբար դժուար կը լինի քեզ համար միայնակ ուսանել 10 եւ աւելի տարի ու միգուցէ հիասթափուես դպրոցից: Սակայն իրականում դպրոցը շատ լաւ բան է: Կրթութիւնն է մարդկային բարեկեցութեան միակ եւ յուսալի միջոցը,,