Այս օրերին Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում ծանրորդներն ուսումնամարզական հավաք են անցկացնում: Նրանք նախապատրաստվում են աշնանը կայանալիք կարեւորագույն մեկնարկներին: Սակայն մարզիչները բարդ խնդիրների առջեւ են հայտնվել մարզաձեւի միջազգային ու եվրոպական ֆեդերացիաների միմյանց հետ չհամաձայնեցված որոշումների պատճառով:
Բանն այն է, որ մեր լավագույն ծանրորդների մի զգալի մասը երիտասարդ է ու միաժամանակ հանդես է գալիս թե երիտասարդական, թե ազգային հավաքականում (Այդպես է նաեւ բազմաթիվ այլ երկրներում: Ա.Հ.): Իսկ ծանրամարտի միջազգային ու եվրոպական ֆեդերացիաները 2018 թվականի օրացուցային պլանը կազմելիս այս հանգամանքը հաշվի չեն առել:
Ըստ նրանց հաստատած պլանի հոկտեմբերի 20-ից 27-ը Լեհաստանի Զամոշչ քաղաքում անցկացվելու է մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, իսկ մրցաշրջանի գլխավոր ստուգատեսը՝ աշխարհի առաջնությունը, մեկնարկելու է դրանից ընդամենը հինգ օր հետո, նոյեմբերի 1-ին՝ Թուրքմենիայի մայրաքաղաք Աշգաբադում:
Ստացվում է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդները, որոնք նաեւ ազգային հավաքականի թեկնածու են, Եվրոպայի առաջնության ավարտից անմիջապես հետո ստիպված են լինելու հաղթահարել հազարավոր կիլոմետրեր, որպեսզի հասցնեն ներկա լինել աշխարհի առաջնության ընդունման օրվան ու առանց օր անգամ հանգստանալու եւ վերականգնվելու՝ պայքարեն աշխարհի առաջնությունում հաղթելու կամ բարձր տեղեր զբաղեցնելու համար, քանի որ այն արդեն օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ