Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ամերիկայի բաց առաջնության երրորդ շրջանում հանդիպեց աշխարհի թիվ մեկ ռակետ Ռաֆայել Նադալի հետ եւ 4,5 ժամ տեւած գերլարված պայքարում պարտություն կրեց՝ 7:5, 5:7, 6:7 (7:9), 6:7 (3:7):
Փորձագետները միահամուռ նշում են, որ Խաչանովը կարող էր նաեւ հաղթել ու չնայած չստացվեց, սակայն երիտասարդ թենիսիստը հանդիսատեսի ծափողջույնների ներքո կորտից հեռացավ որպես հերոս:
Ինքը՝ Նադալը, խաղից հետո հայտարարել է. «Շնորհավորում եմ Կարենին: Նա ամբողջ խաղն անցկացրեց գերազանց, պայքարեց մինչեւ վերջ: Նա ամբողջ խաղի ընթացքում ինձ ուժասպառ արեց»:
Աշխարհի լավագույն թենիսիստը խիստ հազվադեպ է այսպիսի խոսքեր ասում իր մրցակիցների հասցեին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ