Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
Սիրելինե՛րս,
Մեկնարկում է ուսումնական տարին, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ ձեզ:
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել առաջին անգամ նախակրթարանի շեմից ներս ոտք դնող երեխաներին, առաջին դասարանցիներին ու առաջին կուրսեցիներին, ինչպես նաեւ առաջին անգամ դասասենյակ ու լսարան մտնող ուսուցիչներին եւ դասախոսներին, ի դեմս նրանց՝ բոլոր մանկավարժներին, ովքեր հավատարմորեն կրում են Ուսուցչի բարձր կոչումը:
Սիրելի՛ դպրոցականներ եւ ուսանողներ,
Այս օրն իսկապես հիշարժան է եւ այն մշտապես ձեզ հետ է լինելու: Հարցրեք առաջին անգամ ձեզ դպրոց ուղեկցած ձեր ծնողներին, ձեր տատիկներին ու պապիկներին այդ օրվա մասին ջերմ ու թանկ հիշողությունները ուղեկցում են նրանց ողջ կյանքում:
Ուսումնառության տարիները կյանքի այն լուսավոր ժամանակաշրջանն են, որոնց ընթացքում կառուցվում է ձեզ դեպի բարձունք տանող աստիճանը: ժամանակակից աշխարհի լեզուն գիտությունն ու բարձր տեխնոլոգիաներն են: Գիտելիքը ձեր հուսալի հենման կետն է, որի շնորհիվ դուք պիտի խոսեք աշխարհին հասկանալի այդ լեզվով՝ մասնակից դառնալով համաշխարհային նոր նվաճումների կերտմանը:
Վստահ եղեք, որ կարող եք ամրապնդել հայկական գիտական ներկայությունն աշխարհում՝ միտքը փոխակերպելով տեխնոլոգիայի, հմտությունը՝ փորձառության, երեւակայությունը՝ իրականության:
Երկիրը հայրենիք է նաեւ ձեզանով, ու դուք, որպես առաջնորդներ, պարտք ունեք մասնակցելու այն ավելի ուժեղ ու հզոր դարձնելուն: Հավատացեք ձեր հնարավորություններին եւ կարողություններին: |
Դուք կարող եք փոխել Հայաստանը: Դուք կարող եք փոխել աշխարհը:
Խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ հաջողություն բոլորիդ: