Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտելիքն ու որակյալ կրթությունն այն ամուր հիմքն են, որի վրա խարսխվում են ազատ հասարակություն և դինամիկ զարգացող Հայաստան կերտելու՝ մեր բոլոր ծրագրերը. Արա Բաբլոյան

Սեպտեմբեր 01,2018 12:06

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ:

Այսօր անմոռանալի օր և կյանքի մի նոր շրջափուլի սկիզբ է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, ովքեր սկսելու են բացահայտել ճանաչողության, գիտելիքների, մարդկային հարաբերությունների մի նոր աշխարհ: Նաև սովորելու են զարգացնել և ներդաշնակել ազատության ու պատասխանատվության, իրավունքների ու պարտականությունների իրենց ըմբռնումները, գիտակցել պարտքը հայրենիքի ու հասարակության հանդեպ: Այդ հարցում շատ մեծ դեր է վերապահված այն օգնությանը, որը պիտի ցուցաբերեն նրանց ծնողները և մանկավարժները:

Սիրելի ուսուցիչներ և դասախոսներ, այսօր բացվում է ձեր մանկավարժական կենսագրության հերթական էջը, որում, լիահույս եմ, շատ ու շատ ձեռքբերումներ են արձանագրվելու: Դրանք վկայելու են, որ շարունակում եք հայ բազմադարյա դպրության հարուստ ավանդույթները: Մաղթում եմ, որ այս ուսումնական տարում ևս բազմաթիվ առիթներ ունենաք հպարտանալու ձեր սաների հաջողություններով:

Գիտելիքն ու որակյալ կրթությունն այն ամուր հիմքն են, որի վրա խարսխվում են ազատ հասարակություն և դինամիկ զարգացող, պաշտպանված ու բարեկեցիկ Հայաստան կերտելու մեր բոլոր ծրագրերը: Եվ ինչպես երեխաներն են Նոր տարվա գալստյան հետ կապում իրենց բազմաթիվ մանկական երազանքների իրականացման հույսերը, այնպես էլ մենք պիտի յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա հետ կապենք մեր նվիրական նպատակների իրագործումը:

Առանձնահատուկ զգացումներով եմ դիմում Հայաստանի սահմանամերձ համայնքների և Արցախի կրթօջախներին: Այնտեղ հնչող դպրոցական զանգերը հայրենիքի դարպասներից տարածվում են ողջ երկրով և խաղաղություն ու վաղվա օրվա հանդեպ վստահություն են սերմանում բոլորիս հոգիներում:

Ուստի պիտի շարունակենք Հայաստանի և Արցախի կրթական համակարգերի հետագա զարգացումը, համաշխարհային առաջավոր փորձի յուրացումը: Դրա համար ունենք անհրաժեշտ օրենսդրական դաշտ և պիտի վստահ լինեք, որ Հայաստանի խորհրդարանը միշտ արագ կարձագանքի կրթական համակարգին առնչվող օրենքները կատարելագործելու յուրաքանչյուր հրամայականի:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ: Բոլոր աշակերտներին և ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին, կրթական համակարգի բոլոր աշխատողներին մաղթում եմ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930