Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Նախագահ Վադիմ Կրասնոսելսկուն:
Ուղերձում ասված է.
«Հարգարժան Վադիմ Նիկոլայի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրի ողջ եղբայրական ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ:
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կազմավորումը շրջադարձային եղավ Ձեր ժողովրդի պատմության մեջ՝ դառնալով նրա անվտանգության եւ առաջընթացի հուսալի երաշխավորը: Եվ արդեն 28 տարի է՝ Մերձդնեստրի ժողովուրդն իրեն հատուկ աշխատասիրությամբ, լավատեսությամբ եւ համախմբվածությամբ կերտում է անկախ ժողովրդավարական ու իրավական պետություն՝ այդ ճանապարհին արձանագրելով շոշափելի հաջողություններ: Մենք անկեղծորեն ուրախ ենք եղբայրական Մերձդնեստրի բոլոր հաջողությունների համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժան Վադիմ Նիկոլայի, եւ մաղթում Ձեզ, Մերձդնեստրի ողջ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում ու նոր մեծ հաջողություններ»:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ