Ինչի՞ց է ռուսական լրատվական գործակալությունը վերցրել, որ Միքայել Հարությունյանին արտահանձնելու դիմում կամ պահանջ կա Հայաստանի կողմից: Մի տեսակ տարօրինակ կլինի համարել, թե նման դիմում կա, բայց գլխավոր դատախազությունը պնդում է, թե՝ ոչ, չկա:
Ենթադրելի է, իհարկե, որ ռուսական որոշակի շրջանակներ, այսպես ասած, «արտահոսք» են տվել, որոշակիորեն ակնարկելով, որ, նախ, Միքայել Հարությունյանը Ռուսաստանում է, երկրորդ՝ նրան Հայաստանի իրավապահներին արտահանձնելու մտադրություն չկա: Հնարավոր է, դա նաեւ հարաբերությունների որոշակի իրողությունների մասին ակնարկ է՝ վերջին միտումների ու դրսեւորումների համատեքստում:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ապա նա, ամենայն հավանականությամբ, չցանկացավ «գնալ» երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի ճանապարհով ու գերադասեց մնալ բացարձակ ազատության մեջ, ճիշտ է՝ Հայաստանից դուրս:
Մինչդեռ, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը, որ այդ շրջանում արտերկրում էր գտնվում, վերադարձավ հատուկ այն նպատակով, որ «Մարտի 1»-ի գործի հետ կապված որպես վկա հարցաքննվի: Նույնը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նրանց, ինչպես հայտնի է, քննություն իրականացնող ՀՔԾ-ն, այսպես ասենք՝ «փոքրիկ խորամանկության դիմելով», վկայից միանգամից վերածեց մեղադրյալի ու սահմանադրական կարգը բռնի տապալելու մեղադրանքներ ներկայացրեց, ի լրումն՝ կալանավորելու միջնորդությամբ դիմեց դատարան:
Հնարավոր է, Միքայել Հարությունյանը, մանավանդ տարիքը նկատի ունենալով, առանձնապես ցանկություն չունի ԱԱԾ «պադվալի» կամ «Երեւան-Կենտրոն» ԿՀ պայմաններին ծանոթանալու։
Տվյալ դեպքում մեզ թվում է, որ երեկ դիտարկված այս լրահոսի բուն կրակը պարզապես մի լրացուցիչ ակնարկ էր Հայաստանի ներկայիս իշխանություններին, հնարավոր է՝ մյուս ակնարկների ձեւավորած պատկերն ամբողջացնելու նպատակով:
Տ.ՄԻՐԶՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում