«Նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ն է: Այս փոքրիկները նոր Հայաստանի առաջին դասարանցիներն են: Այս նոր էջը պետք է ապրենք ազատ եւ երջանիկ: Սա իսկապես Նոր Հայաստան է՝ նոր իրավիճակով: Բոլորիդ աչքերի մեջ տեսնում եմ այդ նորության եւ հավատի զգացողությունը»,-այսօր հայտարարեց Սեպտեմբերի մեկի առթիվ Սեւանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա կարծում է, որ նոր Հայաստանում կարեւոր պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը. «Այսինքն, ամեն աշակերտ ու ծնող պետք է ոչ թե գնահատականի հետեւից գնան, այլ գիտելիքի: Նոր Հայաստանում կարեւոր է լինելու ոչ թե անգիր արածը, այլ հմտությունը, ընդունակությունը: Նոր Հայաստանում դպրոցը պետք է երեխային պատրաստի թռիչքի»:
Նիկոլ Փաշինյանը, դիմելով աշակերտներին, նշեց. «Ժամանակն է բարձր նվաճումների եւ արդյունքների հասնելու: Նոր Հայաստանում ուսումնառությունը ոչ թե տառապանք պետք է լինի, այլ հաճույք: Այս դժվար խնդրի լուծման համար ոչ միայն ծնողներն ո քաղաքական իշխանությունը, այլեւ հանրությունը պետք է համախմբի ուժերը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ