Հայաստանն ազգային ամուր հիմքերի վրա դրած կուսակցության կարիք ունի: Այսօր, խոսելով «Սասնա ծռեր» անվամբ քաղաքական կուսակցություն ստեղծելու նախաձեռնության մասին, ասաց երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը:
Եղիշե Պետրոսյանը, որը նախկինում գոյություն ունեցող «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ էր, ՀԺ-ի հետ զրույցում ողջունեց Հիմնադիր խորհրդարան կազմակերպության եւ «Սասնա ծռեր» խմբի «Սասնա ծռեր» անվամբ քաղաքական կուսակցություն ստեղծելու եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու նախաձեռնությունը:
«Շատ լավ է, որ Ժիրայրենք նախաձեռնեցին նման բան: Ինձ թվում է, որ մենք դրա համար բավականին կարեւոր պահանջարկ ունեինք: Մենք պարտավոր ենք մտածել ազգի առջեւ ծառացած խնդիրների լուծման մասին՝ հայկականության հենքի վրա ապագան կառուցենք: Նշենք, որ «Սասնա ծռեր» անվամբ քաղաքական կուսակցության ստեղծման մասին օրերս հայտարարել էին Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Եղիշե Պետրոսյանը հաստատեց, որ գաղափարապես կիսում է «Սասնա ծռեր» խմբի մտքերը, սակայն կուսակցության մեջ մտնելու ցանկություն չունի: «Ես կիսում եմ բոլոր այն կուսակցությունների, հասարակական միավորումների մտքերը, որոնց քայլերը միտված են Հայաստանը խելքի բերելուն, այլանդակության ու զոռբայության վերացմանը: Ոչ մի կուսակցության երկրպագու չեմ, ինձ չեմ տեսնում որեւիցե կուսակցության մեջ, որովհետեւ գտնում եմ, որ իմ անկախ մտածելակերպն իմ ամենակարեւոր ինքնությունն է: Կոլեկտիվ մտածելակերպը ինձ համար մի փոքր խորթ է»,-ասաց Եղիշե Պետրոսյանը:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում