Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում է խմելու ջրի թանկացում. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 01,2018 10:38

Այս անգամ «Վեոլիա Ջուրն» առաջարկում է ծառայության գինը բնակիչ-սպառողների համար ավելացնել 13,7 դրամով։ Ակնկալվում է ներկայումս գործող 191,4-ից հասցնել 205,1 դրամի։ Իհարկե, այժմ բնակչությունը վճարում է ոչ թե 191,4, այլ 180 դրամ։ Ելնելով սպառողների վրա սակագների բարձրացման ազդեցությունը չեզոքացնելու նպատակահարմարությունից, անցած տարի կառավարությունը որոշեց ստանձնել այդ բեռը։ Խոսքը միայն ընթացիկ սակագնային տարվա մասին է։ Այնպես որ առաջարկվող ճշգրտումից բացի, կա նաեւ նախորդ տարվա թանկացման հետեւանքով սակագնի լրացուցիչ բարձրացման ռիսկը։

Իշխանափոխությունից հետո ձեւավորված կառավարության դիրքորոշումն այս հարցում հայտնի չէ։ Այն կշարունակի՞ ֆինանսավորել սակագների բարձրացման բեռը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Մի բան անկասկած է, որ փոխհատուցումից հրաժարվելու դեպքում հաջորդ տարվանից սպասվում է ջրամատակարարման ծառայության կտրուկ թանկացում։ Առանց այդ էլ 2019թ. համար առաջարկվող սակագնային ճշգրտումը զգալի է։ Եթե ամբողջությամբ բավարարվի ընկերության հայտը, ապա այն ենթադրում է սակագների ավելի քան 7,1 տոկոսանոց բարձրացում։

Իհարկե, առաջիկա ուսումնասիրությունների միջոցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կփորձի հասնել որոշակի զիջումների։ Սակայն անկասկած է, որ սակագների բարձրացումից խուսափել հնարավոր չի լինի։ Հայաստանի ջրամատակարարման ցանցի կառավարման պայմանագրով նախատեսված է բազիսային սակագնի ամենամյա ուղղակի ավելացում։ Միայն այդ գործոնի ազդեցությունը հաշվի առնելով՝ բնակչության համար խմելու ջրամատակարարման եւ կեղտաջրերի հեռացման ծառայության գինը յուրաքանչյուր խորանարդի համար կհասնի գրեթե 200 դրամի։

Դրանից բացի, սակագների ճշգրտման համար կան եւս երեք գործոններ՝ էլեկտրաէներգիայի գինը, գնաճը եւ մատակարարվող ջրամատակարարման ծավալը։

Սակագների ճշգրտման գործում սովորաբար ավելի մեծ է ջրամատակարարման ծավալների դերը։ Դա այն հիմնական գործոնն է, որից կառչելով հանձնաժողովը կարողանում է որոշակի զիջումներ պարտադրել։ Այդ հարցում կառավարիչ ընկերությունները գրեթե մշտապես թերանում են եւ դրա հետեւանքով առաջացող ֆինանսական կորուստները փորձում են փոխհատուցել սակագների միջոցով։

Սա խնդիր է, որն, ըստ էության, միշտ եղել եւ առկա է նաեւ այժմ։ Այլ հարց է, թե ներկայացված հաշվարկների որ մասը հիմնավորված կհամարվի։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930