Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության ու գիտության հանդեպ սերն առաջընթացի ու հաջողությունների գրավական է թե՛ անձնական, թե՛ ժողովուրդների ու պետությունների կյանքում. Գարեգին Բ

Սեպտեմբեր 01,2018 10:12

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:

Կրթության ու գիտության հանդեպ սերը առաջընթացի ու հաջողությունների գրավական է թե՛ անձնական, թե՛ ժողովուրդների ու պետությունների կյանքում, ուժ ու զորություն՝ դժվարություններ հաղթահարելու, նորանոր իրագործումներ արձանագրելու: Մեր երկրի զարգացումը, մեր երազած հայրենիքի կառուցումը հնարավոր է միայն ուսյալ, կրթված սերունդների շնորհիվ, որոնք առ Աստված ապավինությամբ պիտի շարունակեն մեր ժողովրդի կյանքը հարստացնել ու բարեզարդել իրենց հոգու ու մտքի արարումներով, իրենց ստեղծած գիտական, հոգևոր ու մշակութային արժեքներով: Կրթության ու գիտության նվաճումներով, համախումբ ջանքերով կրթական գործին սատարելով հնարավոր պիտի լինի մեր պետության ու ժողովրդի առջև սկիզբ առած վերափոխումների նոր պայմաններում ընթանալ առաջադիմության ու զարգացման անհետադարձ ճանապարհով:

Աղոթում ենք, որ Բարձրյալ Տիրոջ օրհնության ներքո ուսումնական տարին զարդարվի բազում հաջողություններով ու ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկրի ու աշխարհասփյուռ  մեր ողջ ժողովրդի: Թող Աստված ապավեն լինի կրթական գործի նվիրյալներին ու կրթական հաստատությունների բոլոր սաներին:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ողորմությունը թող լինեն  ամենքի հետ. ամեն:

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930