Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն վերադառնում է քաղաքականություն, այլեւ պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Դա, իմ կարծիքով, ողջունելի քայլ է՝ անկախ նրանից, թե ով ինչպես է այդ գործչին վերաբերվում: Դա լավ «թեսթ» է, որի միջոցով երկրորդ նախագահը կկարողանա ստուգել, թե ինչպիսին է իրականում իր վարկանիշը: Առաջիկա ընտրություններում նա չի ունենա վարչական լծակներ, չի կարողանա ոչ մեկին սպառնալ կամ ճնշել, չի կարողանա լրատվամիջոց փակել, նաեւ՝ չի կարողանա ընտրակաշառք բաժանել: Հետեւաբար, այն ձայները, որոնք կհավաքի Քոչարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, կլինեն նրա «հալալ» ձայները՝ այն, ինչին նա արժանի է: Փորձարկման մաքրության համար նա պետք է անձամբ առաջնորդի նախընտրական ցուցակը, որպեսզի այլ անձնական գործոններ դեր չխաղան:
Որքան ես շփվում եմ հասարակ մարդկանց հետ, երկրորդ նախագահի հասցեին, բացի հայհոյանքներից եւ անեծքներից, ուրիշ գնահատականներ չեմ լսում: (Համենայնդեպս, վերապահում անեմ՝ այդ մարդիկ «ապակուսակցական» են, ՀՀՇ-ական չեն՝ Տեր-Պետրոսյանին նրանք վերաբերվում են գրեթե նույն ձեւով): Ի տարբերություն շարքային քաղաքացիների, պաշտոնյաների եւ գործարարների մի մասը դրական վերաբերմունք ունի Քոչարյանի հանդեպ: Որքան հասկանում եմ, նրա իշխանության օրոք գոյություն ուներ հստակ կոռուպցիոն մեխանիզմ՝ ով, ում, երբ եւ ինչքան պետք է «մուծվի»՝ մեխանիզմ, որը հաջորդ տասնամյակի ընթացքում թեեւ պահպանվեց, բայց` ձեւախեղվեց, ինչը եւ առաջացրեց հիշյալ գործարարների ու պաշտոնյաների դժգոհությունը:
Մինչեւ վերջին ժամանակներս ես վստահաբար կկանխատեսեի, որ Քոչարյանի ղեկավարած կուսակցությունը կամ շարժումը չի կարողանա հաղթահարել ընտրողների ձայների 4-6 տոկոսանոց շեմը: Այս պահին ես նույն վստահությունը չունեմ: Նախ՝ երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու խթան դարձավ նրա դեմ հարուցված գործը, որը բարոյական եւ քաղաքական առումով միանգամայն արդարացված է, բայց իրավական տեսակետից, իմ կարծիքով, խոցելի է: Հատկապես Քոչարյանին «բռնել-բաց թողնելն» է այդ ամենի համար հող նախապատրաստել:
Իսկ երկրորդ նախագահի հետագա «առաջխաղացումն» ամբողջությամբ կախված է ներկա կառավարության աշխատանքի արդյունքներից՝ նախեւառաջ տնտեսական ոլորտում եւ Արցախի հարցում: Որքան շատ ժամանակ անցնի, այնքան այս երկու բնագավառներում առաջընթացի բացակայությունը դժվար կլինի բացատրել նախկինից մնացած «ծանր ժառանգությամբ»:
… 1998 թվականի մարտին, երբ Քոչարյանն իշխանության էր գալիս ՀՀՇ-ի դեմ ծավալված հիստերիայի ֆոնի վրա, հեռուստաբանավեճի ժամանակ ես ենթադրեցի, որ եթե կես տարուց Սյունիքի մարզում խոտը ժամանակին չհնձեն, դրանում կմեղադրեն առաջին նախագահին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Յոթգլխանի հրեշին ինչ շանս….?
0 % շանս…
Հեղափոխություններն անում են երիտասարդները, իսկ ընտրություններին գնում են թոշակառուները, դրա համար էլ նույնիսկ ընտրաձայների ամենաարդար հաշվարկների դեպքում հաղթում է ընտրակաշառքը, հեռուստացույցը, վախը վաղվա օրվա հացի համար, կարճ ասած՝ օրինական ընտրությունների ժամանակ ահելները ջահելների հեղափոխության հերը կանիծեն: Միակ բանը որ կփրկի՝ դա մի մարդու նման ջահելությունը գնա ընտրություններին, իսկ պապիկ տատիկներին խնդրել նստել տանը:
Ընտրությունները ցույց կտան բարոյական ու անշահախնդիր, անբարոյական (աննամուս) ու շահախնդիր (շահամոլ) քաղաքացիների քանակը:
Իսկ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը (ինչպես Կերենսկին տռոցքիստներին, այնպես էլ Փաշինյանը` սոցիալիստ ֆեդերալներին), կփոխանցի իշխանությունը եւ կգա վերջը «պայքար, պայքար»-ի:
Կամ էլ իրական հեղափոխություն կլինի…
՛՛Դա, իմ կարծիքով, ողջունելի քայլ է՝ անկախ նրանից, թե ով ինչպես է այդ գործչին վերաբերվում: ՛՛
Շատ կը ներէք պարոն Աբրահամեան – Երբեմն /մանաւանդ վերջերս/ տարօրինակ կարծիքներ կ՛արտայայտէք /որ աւելի մտաւորական ցուցամոլութեան երեւոյթ ունին քան համոզումի ; Ժողովուրդը զզուած է այլեւս այդ անձէն և անունէն /անմեղութեան վարկածն ալ բան չի փոխեր երբ գործած ոճիռները այնքան խօսուն են որ ամէնուն սրտին մէջ մէկ ոխ կայ ՛՛ թող իր արժանի պատիժը ուտէ և մոռնանք զինք՛՛
բայց դուք կը սիրէք կը թուի,անգլիական պաղարիւնութեամբ մարդոց զգացումները գրգռել երբ երկիրը 1001 այլ կարեւոր հարցեր ունի լուծելիք ,յոյսը արդարացիօրէն դրած վարչապետի իմաստուն և խոհեմ քաղաքականութեան վրայ ;
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/09/01/978156/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից