Արամ Ապատյանը կտրականապես դեմ է այն որոշմանը, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումներն անցկացվեն առանց հայերեն թարգմանության:
«Ես կտրականապես դեմ եմ այդ որոշմանը»,-«Առավոտի» հետ զրույցում հայտարարեց ծրագրավորող, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնող խմբի նախկին անդամ Արամ Ապատյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ-ում հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառումները լինելու են բացառապես ֆրանսերեն՝ առանց հայերեն թարգմանության:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում երկու օր առաջ տեղեկացրեց՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում միջոցառումները լինելու են բացառապես ֆրանսերեն լեզվով. միայն վերջին եզրափակիչ ասուլիսն է լինելու թարգմանությամբ:
Ըստ Արամ Ապատյանի՝ կան մի շարք հիմնավորումներ, որ դա սխալ որոշում է: Օրինակ՝ այն, որ տեխնիկական խնդիր թարգմանությունն ապահովելու համար չկա: Այս առիթով նա մանրամասնեց. «Որեւէ տեխնիկական խնդիր չեմ տեսնում, որ այդ միջոցով կարելի էր թարգմանել, քանի որ սա քաղաքական կամ միգուցե մշակութային միջոցառում է, եւ խնդիր չկա գտնելու այնպիսի թարգմանիչների, որոնք կկարողանային աշխատել որոշակի բառապաշարի հետ»:
Ըստ Արամ Ապատյանի՝ օրինակ՝ կարելի էր տեսնել խնդիր, եթե տեղի ունենար ֆիզիկայի կոնֆերանս, որտեղ իսկապես շատ դժվար է թարգմանել ոչ միայն հայերեն, այլեւ ցանկացած այլ լեզու: Արամ Ապատյանը փաստեց՝ այդ դեպքում անգլերենը միջազգային լեզվի դեր է կատարում: Դառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին՝ Արամ Ապատյանն ասաց. «Սա բացարձակապես այդ դեպքը չէ. այն ելույթները, որոնք պետք է հնչեցվեն, հեշտ թարգմանվում են ցանկացած այլ լեզվով, այդ թվում նաեւ հայերեն»:
Արամ Ապատյանը նշեց, եթե ուսումնասիրեք Ֆրանկոֆոնիայի վերաբերյալ՝ Վիքիպեդիայի հոդվածը, այնտեղ կտեսնեք, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի հինգ գործակալություն, այդ թվում նաեւ այսպես կոչված tv5monde հեռուստաալիքը, եւ այդ հեռուստաալիքներով ֆրանսերեն ելույթները զուգակցվում են 12 տարբեր լեզուներով՝ ենթագրերով. «Նրանք հասկանում են, որ ամբողջ աշխարհը չի խոսում ֆրանսերեն, եւ ցանկանալով մատչելի դարձնել իրենց նյութն աշխարհին՝ իրենք ձգտում են ապահովել նաեւ ենթագրերը: Սա բնական մոտեցում է, զարմանում եմ՝ ինչու ՀՀ-ում նույն մոտեցումը չի կիրառվում մեկ այլ Ֆրանկոֆոնիայի համաժողովի շրջանակներում»:
Մեր հարցին՝ հայաստանյա՞ն կողմի մեղավորությունն է, Արամ Ապատյանը պատասխանեց. «Դա բնականաբար մեր բացթողումն է. մեր օրենքներն են, եւ մենք պարտավոր ենք այդ օրենքների կիրառությունն ապահովել: Այդ պարագայում ապահովելու նաեւ թարգմանությունը հայերեն, ինչը միգուցե նաեւ ծախսատար է, բայց եթե մենք ունենք այդ օրենքը, հետեւաբար պետք է պատրաստ լինենք ապահովել այդ օրենքի կիրառումը»:
Մեր այն հարցին՝ իսկ ՀՀ-ում կա՞ ֆրանսախոսների բավարար բազա, Արամ Ապատյանը պատասխանեց՝ ՀՀ-ում կան շատ մարդիկ, որոնք ֆրանսերենը գիտեն շատ լավ, բավարար մակարդակի գիտեն սինքրոն թարգմանություն ապահովելու համար:
Արամ Ապատյանը համոզված է՝ հայերեն թարգմանության բացակայության պատճառով կտուժի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը՝ հասանելիության տեսանկյունից: Նա մտահոգություն հայտնեց. «Իհարկե, այն կդառնա կտրված էլիտար մի ժողով, որտեղ խոսում են մի լեզվով, որով սկզբունքորեն ամբողջ հասարակությունը խոսել չի կարողանում, եւ դա մեծ հաշվով լավ բան չէ»:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ մտահոգված չէ՞, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումներն անցկացվելու են առանց հայերեն թագմանության, նա պատասխանեց. «Ես ոչ թե մտահոգված եմ, այլ պնդում եմ, որ դա ապօրինի որոշում է: Այս երկրում ապօրինի որոշումներ չպետք է ընդունվեն ու գործողություններ չկատարվեն: Ցանկացած պետական միջոցառում կամ պիտի հայերեն լինի, կամ թարգմանվի հայերեն. այդպես ասում է ՀՀ սահմանադրությունը եւ Լեզվի մասին օրենքը: Իրենք թող ֆրանսալեզու երկրներին այլ մասերով ու այլ կերպ դուր գան եւ ոչ թե մեր լեզվի հաշվին»:
Հետաքրքրվեցինք՝ նախաձեռնությունն այս առիթով հայտարարությամբ հանդես կգա՞, Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց՝ այս պահին խումբը որպես այդպիսին ակտիվ վիճակում չէ. անդամներից մեկն էլ Արայիկ Հարությունյանն է, բայց շփման մեջ են: Արմեն Հովհաննիսյանը հայտնեց՝ իր մտահոգությամբ նամակ կգրի նախաձեռնության բոլոր անդամներին, եւ միգուցե հանդես գան հայտարարությամբ:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
31.08.2018
Հաշվի առնելով,որ մենք ,,ֆրանկոֆոն,,երկիր ենք,գտել են,որ ավելորդ է թարգմանել հայերեն….
Չգիտեմ թե սա անհարգալից վերաբերմունք է հայոց լեզվի հանդիեպ թե ոչ: հարգանք եմ տածում ֆրանսերենի հանդեպ բայց երբ հայերենով գրականություն էր թարգմանվում, իրենք որպես ազգ եթե չեմ սխալվում նույնիսկ դեռ չէին կազմավորվել: Ֆրանսերենը, ոչ էլ որևէ այլ լեզու ուղղակի չեն կարող գերազանցել հայերենին: Հայերենը ավելի բարձր է և ավելի հզոր: