Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանին կարող է սատարել միայն մեկ աշխարհաքաղաքական կենտրոն՝ Ռուսաստանը»

Սեպտեմբեր 01,2018 14:00

«Առավոտի» զրուցակիցն է ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը

– Գերմանիայի կանցլերի այցը Ձեր կարծիքով, կոնկրետ ի՞նչ տվեց Հայաստանին: Ո՞րն էր այդ տարածաշրջանային այցի նպատակն, ի վերջո: Արդյո՞ք այցի միակ արդյունքը սելֆիները մնացին:

– Կարծում եմ՝ Գերմանիայի կանցլերի այս այցի առաջնային նպատակը ճանաչողական էր: Գերմանիան երկար տարիներ հարավկովկասյան տարածաշրջանում պասիվ էր եւ մինչ այժմ միայն 2008 թվականին էր այդ երկրի կանցլերը ժամանել Վրաստան, իսկ ահա Հայաստան եւ Ադրբեջան առաջին դեմքի մակարդակով այցելություն չէր եղել: Այժմ, կարծես թե, այդ երկիրը փորձում է ուժեղացնել իր դիրքերը նաեւ այս տարածաշրջանում: Կարծում եմ՝ մոտ ապագայում գերմանական ընկերությունները կմեծացնեն իրենց ներգրավածությունը Հարավային Կովկասում: Մինչ վերջերս Գերմանիան միայն Եվրամիության տնտեսական հենասյունն էր համարվում, իսկ քաղաքական շարժիչ ուժը Ֆրանսիան էր: Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ Գերմանիան քաղաքականապես նույնպես ավելի է ակտիվացել, այդ երկրի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ Գերմանիան պատրաստ է ավելի մեծ բեռ վերցնել իր ուսերին եւ մենք տեսնում ենք, որ այդ երկիրը գնում է այդ ուղղությամբ: Թե կոնկրետ ինչ կտա Հայաստանին Անգելա Մերկելի այս այցը դեռ վաղ է ասել, բայց կարծում եմ մոտակա ժամանակներս ավելի որոշակի արդյունքներ կլինեն, երբ որ վարչապետ Փաշինյանը պատասխան այցով մեկնի Գերմանիա: Շատ կարեւոր է, որ Հայաստանի եւ Գերմանիայի ղեկավարները Երեւանում հայտարարեցին, որ մի շարք հարցերի շուրջ ունեն համընկնող տեսակետներ եւ շարժվելու են այդ օրակարգերի համաձայն:

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս NTV-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ ինքը Հայաստանում կարող է դառնալ համախմբող առանցք: Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն չի պատրաստվում ստեղծել, նա իրեն հենարան տեսնում է մարդկանց, ովքեր իր պաշտոնավարման տարիներին տնտեսական գործունեություն են ծավալել: Նաեւ, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն թաքցնում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու հավանականությունները: Այդ կուսակցություններում գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանն անելիք եւ ասելիք ունի քաղաքական դաշտում: Ներքաղաքական ի՞նչ զարգացումներ եք հավանական համարում:

– Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացրել եւ որպեսզի քաղաքականության մեջ մեծ արդյունքներ ունենա նա պետք է իր թիկունքում լուրջ քաղաքական ուժ ունենա: Դրա համար պարտադիր չէ ստեղծել նոր կուսակցություն. հնարավոր է նա գործող որեւէ կուսակցություն վերցնի իր հովանու ներքո եւ այն դարձնի իր հենարանը, ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանը իր հովանու ներքո վերցրեց Հանրապետական կուսակցությունը, որն այն ժամանակ փոքրիկ եւ ոչ ազդեցիկ կուսակցություն էր: Բացի դրանից նա կփորձի լայն հասարակական-քաղաքական կոնսոլիդացիա ապահովել, որտեղ կընդգրկվեն մարդիկ եւ քաղաքական ուժեր, որոնց ժամանակին ինչ-ինչ ծառայություններ է մատուցել Քոչարյանը, ինչպես նաեւ այն կուսակցությունները, որոնք թավշյա հեղափոխությունից հետո զրկվել են իշխանությունից: ՀՀԿ-ն այս առումով Քոչարյանի պոտենցիալ դաշնակիցներից մեկն է: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա կարծում եմ այդ կուսակցությունը առայժմ բացահայտ չի աջակցի Քոչարյանին, քանի որ գտնվում է իշխանության մեջ, բայց նաեւ հնարավոր է ստվերային համագործակցություն ծավալի նրա հետ՝ հաշվի առնելով Քոչարյանի եւ այդ կուսակցության ջերմ հարաբերությունները:

– Հավանական համարում ե՞ք, որ աշխարհաքաղաքական կենտրոնները սատարեն Ռոբերտ Քոչարյանին, նկատի ունենալով Հայաստանի նոր իշխանության, այսպես ասած, ոչ հարթ հարաբերությունները թե ՌԴ-ի, թե ԵՄ-ի հետ:

– Ռոբերտ Քոչարյանին կարող է սատարել միայն մեկ աշխարհաքաղաքական կենտրոն՝ Ռուսաստանը: Թե ՛ ԵՄ-ն եւ թե ՛ ԱՄՆ-ն չեն աջակցի նրան: Եվ պատահական չէ, որ վերջին տարիներին Քոչարյանի մեսիջներ էր հղում միայն Մոսկվային: Օրինակ՝ 2016թ. «Ազատություն» ռադիկոյանի ռուսական ծառայության «Ռուսաստանը եւ ես» նախագծին տված հարցազրույցում նա խոսում էր Ռուսաստանի նկատմամբ իր ջերմ վերաբերմունքի մասին՝ նշելով որ Ռուսաստանն ավելին է, քան ուղղակի պետությունը, հարեւանը, երկիրը, որի հետ մենք շատ սերտ հարաբերություններ ունենք, որ իր օրոք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները աննախադեպ զարգացում են ապրել, որ Ռուսաստանը իր կառավարման ժամանակ դարձել է Հայաստանի թիվ մեկ ներդրողը եւ այլն: Իսկ այժմ նա նշում է, որ Հայաստանի նոր իշխանությունները վատթարացրել են հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այժմ նա փորձելու է հասնել նրան, որ Կրեմլը հենց իր վրա խաղադրույք կատարի գալիք խորհրդարանական ընտրություններում:

– Ռոբերտ Քոչարյանի`քաղաքական ասպարեզ գալը ամրապնդու՞մ, թե՞ թուլացնում է Նիկոլ Փաշինյանի դիրքերը: Երկու գործիչներն էլ ուղղակի, թե անուղղակի ի ցույց են դնում, որ զիջումների չեն գնալու: Ինչի՞ կհանգեցնի սա: Ուշագրավ էր նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի երեկ, լրագրողների հետ զրույցում արած հայտարարությունը` Քոչարյանն իրեն նույնացնում է պետության հետ:

– Այս պահին Ռոբերտ Քոչարյանը լուրջ մրցակից չէ Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա իր հետեւում չունի հզոր քաղաքական ուժ եւ չի վայելում հասարակության մեծ մասի աջակցությունը: Նրա հույսն այն է, որ մինչեւ գալիք խորհրդարանական ընտրությունները հասարակության զգալի մասը կհիասթափվի նոր իշխանություններից եւ ինքն էլ կարող է դառնալ իշխանությունից հիասթափված եւ նախկինում իշխանական կերակրատաշտին մոտ գտնված մարդկանց միավորող գործոն: Պատահական չէ, որ «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում նա նշում էր, որ շուկայում գներն աճել են, որ ժողովուրդը սկսել է վատ ապրել եւ ինչպես ինքն էր նշում՝ «երբ որ սառնարանում վիճակը կվատանա մենք այն ժամանակ կլսենք մեր ժողովրդին»: Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի հայտարարությանը, ապա ես լիովին համաձայն եմ նրա հետ այդ մասով: Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ինքն էր սահմանադրական կարգի կրողը, ինչպես կարող էր ինքն իրեն տապալել, բայց փաստն այն է, որ հենց իր կարգադրությամբ է բանակը ներգրավվել ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում էր:

– Արդեն հայտնի են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը: Շատերի մոտ տպավորություն է, որ Հայաստանում կրկին միակուսակցական համակարգ է ձեւավորվելու:

– Ես հուսով եմ եւ վստահ, որ Հայաստանում չի ձեւավորվի միակուսակցական համակարգ: Իհարկե, այժմ շատերը անդամագրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, բայց մեր հասարակությունը այժմ դարձել է քաղաքականապես ավելի հասուն, մեր քաղաքացիական հասարակությունը վերջին տարիներին բավականին ուժեղացել է եւ նրանք թույլ չեն տա, որ ձեւավորվի միակուսակցական համակարգ: Բացի դրանից իշխանության տարբեր ճյուղերի միջեւ զսպումների եւ հակակշիռների համակարգը սկսել է ավելի լավ աշխատել: Օրինակ՝ նախկինում անհնար էր պատկերացնել, որ ԱԺ նախագահը երկրի առաջին դեմքին հրապարակավ կմեղադրի այլակարծության, դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու մեջ: Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա կարծում եմ, որեւէ քաղաքական ուժի չի հաջողվի բացարձակ մեծամասնություն ունենալ Երեւանի ավագանում:

– Տարբեր վերլուծաբաններ եւ գործիչներ խոսում են հեղափոխության արժեքների պահպանման մասին: Այսինքն, դրանք վտանգվա՞ծ են: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները իրավիճակը կշտկե՞ն:

– Ես չգիտեմ ինչ արժեքներ են վտանգվել, բայց գիտեմ, որ վարչապետ Փաշինյանը հետեւողականորեն շարժվում է Հայաստանը իրավական, նորմալ, մրցունակ պետություն դարձնելու ուղղությամբ: Նա երբեք չի հայտարարել, որ համաներում է իրականացնելու մինչ այժմ գործված բոլոր հանցագործությունների նկատմամբ: Եթե մենք ուզում ենք Հայաստանում արմատախիլ անել կոռուպցիան, ապա պետք է կոշտ պայքար մղվի դրա դեմ, որը ենթադրում է, որ բոլոր, այդ թվում նաեւ մանր կոռուպցիոն դրսեւորումների համար պետք է պատասխանատվության ենթարկվեն պաշտոնյաները: Եթե մենք ուզում ենք իրավական պետություն կառուցել, ապա պետք է պատժվեն խոշոր հանցագործները:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

31.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930