Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամբաստանյալ կինն իրեն իրական տուժող է համարում

Սեպտեմբեր 01,2018 13:30
dat

56-ամյա Լիլյանա Ներսիսյանը օրեր առաջ դիմել էր «Առավոտին», որպեսզի լրատվամիջոցը լուսաբանի իր վերաբերյալ քրեական գործով դատական նիստերը:
Նա ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է հիսուն հազար դրամի չափով տուգանքի, իրեն մեղավոր չի ճանաչել թե նախաքննության, թե դատաքննության ժամանակ: Տիկնոջ նկատմամբ ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը: Ըստ նրա, իրականում տուժող կողմն ինքն է:
Ի՞նչ է տեղի ունեցել, ինչ կպարզվի սեպտեմբերի 5-ին նշանակված վերաքննիչ բողոքի քննության ժամանակ: Նշեմ, որ բողոքը բերել է «Ընդդեմ իրավական կամայականություն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Ժ. Խաչատրյանը, իսկ բողոքի քննությունը հետաձգվել էր, քանի որ ամբաստանվող կինը պաշտպան չի ունեցել:
Լ.Ներսիսյանի ամուսնու պարտքի պատճառով, առանց նրանց իմացության եւ մասնակցության, կատարվել է դատ, կայացվել է դատական ակտ եւ նրանց սեփական երեք սենյականոց բնակարանից մեկ սենյակը՝ հյուրասենյակը, տրվել է անծանոթ ընտանիքի:

Դատարանի վճռով չի պարզաբանվել, թե ինչպես կարող են երկու տարբեր ընտանիքներ ապրեն մեկ հարկի տակ, ինչպես պետք է օգտվեն նույն կոմունալ հարմարություններից:
Ներսիսյանները 2010թ. դիմել են վերադաս դատարան՝ վաճառված բաժնեմասի՝ հյուրասենյակի համար, ակնկալելով, որ վերադաս դատարանը դրական լուծում կտա: Եվ քանի որ լուծում այդպես էլ չի գտնվել, երկու տարբեր ընտանիքները մնացել են նույն հարկի տակ: Իսկ ԴԱՀԿ ծառայությունը տուժող Դ.Գիզիկովային տրամադրել է ոչ միայն ամբաստանյալին պատկանող հյուրասենյակը, այլ ամբողջ տունը, կահույքը, ունեցվածքը:

Ըստ գործի նյութերի, Լ.Ներսիսյանը ծեծել է տուժողին, ինչը նախկինում մանկավարժ աշխատած տիկինը չի ընդունում, հայտնելով, թե դեպքի օրը առավոտյան արթնացել է եւ գնացել խոհանոց՝ ջուր խմելու, պատշգամբում ձայներ են լսվել, նաեւ տեսել է, որ երկու էլեկտրական սալիկները միացված են: Եվ որովհետեւ տուժողը հրաժարվում է լույսի վճարից, նրանց միջեւ վեճ է ծագել:
«Առավոտի» հարցին, թե ամբաստանյալին մեղսագրված է, որ նա երեք անգամ ոտքով հարվածել է տուժողին, զրուցակիցս պատասխանեց. «Ես իմ ողջ կյանքում ինձ թույլ չեմ տվել ոտքս բարձրացնել, հարվածել, սա լրիվ սարքած գործ է»:

Կա մի դրվագ, թե հուլիսի 10-ին նույնպես եղել է միջադեպ: «Այդ ժամանակ էլ չի եղել որեւէ միջադեպ, թեկուզ մեկ մատի հարված, կապ չունեմ նրա կապտուկների հետ: Որեւէ մեկը, չգիտես ինչու, մեր վեճերին ընդհանրապես ականատես չի եղել»,-ասում է զրուցակիցս:

Դատարանում տուժող Դեյա Գիզիկովան ցուցմունք էր տվել, թե ամբաստանյալ Լ.Ներսիսյանն ընդհանրապես այդ բնակարանում չի բնակվել եւ եկել է դեկտեմբերի 1-ին: «Նա ոստիկանությունով է մտել, որովհետեւ ինքը թույլ չի տվել հենց այնպես մտնել եւ նա հենց ոստիկանների մոտ իրեն ասել է՝ ինչո՞ւ է մինչեւ հիմա այնտեղ, ինչո՞ւ մինչեւ հիմա ինքնասպան չի եղել»: Ըստ տուժողի, ծեծի հետ կապված գնացել է ոստիկանություն, որովհետեւ ոտքը շատ վատ վիճակում է եղել, իրեն թվացել է, թե այն ջարդվել է: Նա հայտնել էր, թե՝ «4 ամիս այս ձմեռվա ցրտին ինքն ապրում է առանց լույս, ամբաստանյալը նրա լույսը կտրել է՝ շքամուտքի ավտոմատից անջատել է»: Տուժողը նկարագրել էր նաեւ դեպքի օրը, երբ առավոտյան շատ շուտ արթնացել է, գնացել է խոհանոց, Լիլյանան էլ անմիջապես եկել է այնտեղ. «Իր ձեռքերից բռնել եւ սեղմելով ասել է, թե ինչ է անում իր խոհանոցում եւ ասել է, որ աչքի տակ չընկնի, քացով կտամ, քեզ կսատկացնեմ»: Ու ըստ տուժողի՝ նման միջադեպերը պարբերական բնույթ են կրել:

Զրուցակիցս իր հերթին երեկ ասաց, թե դատական նիտերից հետո իրենք կրկին «հանդիպում» են վիճելի տանը, եւ տուժողը վիրավորում է, զրպարտում:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը փաստել էր. «Վերլուծելով ամբաստանյալ Լ.Ներսիսյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված եւ հետազոտված ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հիմնվելով ներքին համոզմամբ՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները՝ տուժողին ծեծի չենթարկելու եւ այլնի մասին, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից եւ սպասվող պատժից խուսափելու նպատակ են հետապնդում եւ հերքվում են տուժողի, վկայի ցուցմունքներով, դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ, հեռախոսազանգերի վերծանումներով»:
Դատարան եկած 20 տարվա աշխատանքային ստաժով փորձագետը տուժողի մարմնի վրա ցույց է տվել, թե մարմնի կոնկրետ որ հատվածում են գտնվել իր կողմից նշված վնասվածքները. աջ նախաբազկի, ձախ նախաբազկի մակերեսին, աջ ազդրի վերին երրորդի առաջնային մակերեսին եւ ձախ ազդրի վերին երրորդի առաջնային մակերեսին, որոնք իրենց վաղեմությամբ կարող էին առաջանալ հուլիսի 10-ին:

Ըստ Լ.Ներսիսյանի, ինքը որդու հետ այդ օրը գտնվել է քրոջ տանը, եւ կարող են դա ապացուցել:
Փորձագետը հայտնել էր, թե «Հետեւություններում չի նշել, որ Լիլյանան հարվածել է, ուղղակի նշվել է բութ առարկայի ներգործությամբ…»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

31.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930