Հարցազրույց առաջին անգամ Հայաստան այցելած
ամերիկացի դիրիժոր Քրիստոֆեր Օկասեկի հետ
– Մաեստրո, արտասահմանյան մամուլը ձեզ հիմնականում ներկայացնում է իբրեւ օպերային դիրիժոր, միաժամանակ նշելով ձեր՝ դաշնակահարի, վոկալ մարզչի, խմբավարի գործունեությունը: 21 տարեկանում եք սկսել օպերային դիրիժորի ձեր կարիերան, առաջինը ղեկավարելով Մոցարտի «Թատրոնի տնօրենը»: Մամուլում նշվում է նաեւ, որ իբրեւ դաշնակահար նույնպես սիրահարված եք Մոցարտի ստեղծագործություններին:
– Ես հարգում եմ մամուլի աշխատանքը, բայց ժամանակի սղության պատճառով հաճախ չեմ հետեւում: Պարզվում է՝ դուք իմ մասին ավելին գիտեք մամուլից: Ինչ վերաբերում է Մոցարտին, դա այդպես է: Ժամանակին Բեթհովենը իր առաջին գործերը գրելիս խոստովանել է, որ ազդվել է Մոցարտից: Հայդնի խոսքերով էլ՝ սերունդները 100 տարի չեն տեսնի նման տաղանդ:
– Ենթադրում ենք, որ ձեր հրավերի հեղինակը օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն է եւ ձեզ վստահված է թատրոնի ստեղծագործական խմբերով իրականացնել Բիզեի հանրահայտ «Կարմենը», որի պրեմիերան կայանալու է սեպտեմբերի սկզբին՝ Դուբայում, հետո միայն Երեւանում: Գիտենք, որ որպես բեմադրող դիրիժոր տարբեր ռեժիսորների հետ «Կարմեններ» եք բեմադրել, այդ թվում՝ Վաշինգտոնի օպերային թատրոնում: Հետաքրքիր է լսել ձեր կարծիքը հայկական «Կարմենի» մասին»:
– Մաեստրո Օրբելյանը հայտնի անուն է, նա կապվել էր Սան Ֆրանցիսկո օպերային թատրոնի ղեկավարության հետ, որն էլ առաջարկել էր իմ թեկնածությունը: Անկեղծ ասած՝ բարդ է, երբ առաջին անգամ ես ստեղծագործական հարաբերությունների մեջ մտնում մի թատրոնի հետ, որի արդյունքը առաջինը պետք է ներկայացնել հյուրախաղի տեսքով: Ձեր խոսքերով՝ հայկական «Կարմենը» յուրատեսակ ռեժիսորական ընթերցում է: Իսկապես հաճելի է աշխատել ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի հետ: Ի վերջո, հանդիսատեսը կգնահատի այն, բայց քանի որ ես մի շարք «Կարմենների» հեղինակ եմ, իմ կարծիքով՝ ձերը իր նմանը չունի, յուրօրինակ է: Առաջին հայացքից դա այդպես էլ պետք է լիներ, բայց կոնկրետ օպերային բեմադրությունների պատմությունից հայտնի են տարբեր ռեժիսորների նույնանման բեմադրությւոններ: Սա արդեն այլ թեմա է… Ձեր թատրոնում առաջինը հանդիպել եմ նվագախմբի հետ եւ շուրջ 40 րոպեի ընթացքում մի անբացատրելի բան տեղի ունեցավ. դա մագնիսի նման մի բան էր, պատկերավոր ասած՝ ձեւավորվեց վստահության դաշտ, ինչը ինձ համար չափազանց կարեւոր է եւ յուրաքանչյուր նվագախմբի հետ առաջին րոպեներին չէ, որ նման միջավայր է ստեղծվում: Մինչ Հայաստան այցս լսել էի հայկական վոկալ հիասքանչ դպրոցի մասին, բայց երբեք չէի համագործակցել նրանց հետ: Միայն այստեղ, «Կարմենի» փորձերին ծանոթացա ու հիացա մեներգիչներ, գերմանաբնակ սոպրանո Կարինե Բաբաջանյանի, տենորներ Լիպարիտ Ավետիսյանի, Սարգիս Աղամալյանի, Հովհաննես Այվազյանի, բարիտոններ Դավիթ Բաբայանցի, Գեւորգ Հակոբյանի եւ մյուսների արվեստով: Հիանալի երգչախումբ ունեք, կարճ ասած՝ եկա, տեսա, ծանոթացա ու հիացա:
– Դուք երիտասարդ տարիքում վարել եք Վաշինգտոնի օպերային թատրոնի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը: Պարզ է, որ օպերան թանկ հաճույք է ցանկացած պետության համար, վերջապես, այստեղ ներդրումների հույսը ո՞ւմ հետ պետք է կապել՝ պետությա՞ն, թե՞ անհատների:
– Ցանկացած օպերային արվեստի վիճակը կախված է տվյալ երկրից ու կառավարությունից: Օրինակ՝ Ամերիկայում այս արվեստին աջակցությունը մեծ հաշվով գալիս է մասնավոր անձանցից եւ այն մարդկանցից, որոնք պարզապես սիրում են օպերա: Կարեւորում եմ նաեւ պետական աջակցությունը: Իհարկե, ձեր երկիրը փոքր է, բայց Հայաստանից դուրս ավելի շատ հայեր են ապրում ու չգիտես ինչու վստահ եմ, որ կարդալով այս հոդվածը, նրանց թվում կգտնվեն արձագանքողներ: Սա հենց այնպես չեմ ասում, որովհետեւ մինչ Հայաստան այցս մամուլում շատ էի կարդացել, որ ձեր երկիրը զարթոնք է ապրում: Եկել է պահը, որ պետք է ամրապնդվել, համախմբվել, զարգացնել հիմնական ոլորտները, օպերային արվեստը եւս: Միայն այս ճանապարհն է, որ կտանի միջազգային հեղինակության, ճանաչման, ինչու չէ՝ փառքի:
Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ»
31.08.2018