Այսօրվանից սկսվել է Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Շիրազի անվան փողոցի շինաշխատանքները, որոնք տևական ժամանակ է, կարելի է ասել ողջ ամառ, դադարեցվել էին։ Այդ փաստը մեծ անհանգստության տեղիք էր տվել․ բնակիչներն ու այդտեղ գտնվող հյուրանոցների, խանութների տերերը մտահոգված էին, թե հնարավո՞ր է իշխանափոխությունից հետո այդպես էլ կիսատ մնա սկսված գործը․ փողոցը մարտ ամսից քանդել էին ջրահեռացման համակարգ, նոր մալուխներ տեղադրելու, գազաֆիկացնելու նպատակով։
Այս աշխատանքներն ավարտվել էին դեռևս մայիս ամսին, սակայն դրանից հետո՝ 3 ամիս շարունակ հետո բուն շինաշխատանքները չէին շարունակվում։
Ու թեև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հավաստիացնում էր, որ անհանգստանալու կարիք չկա, փողոցաշինությունը ֆինանսավորելու է Համաշխարհային բանկը, իսկ ձգձգման պատճառն այս բանկում գործող ընթացակարգն է, որը դանդաղ է տևում, միևնույնն է՝ բնակիչների կասկածները չէին փարատվում։
Հիշեցնենք, որ Գյումրու «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածքը տուրիստական գոտու վերածելու ծրագիրն իրականացնում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը հասցրեց վերանորոգել Գյումրու Ռուսթավելու անվան պատմական փողոցը՝ այն վերածելով թե՛ գյումրեցիների, և թե՛ տուրիստների համար հետաքրքիր ճեմավայրի։ Նախկին վարչապետը երազում էր, որ Շիրազի անվան փողոցն էլ տարբերվի իր տեսքով, ասֆալտը կարմիր լինի։ Իհարկե, նրա այս առաջարկը հետագայում ստիպված եղան մերժել, քանի որ շատ թանկ էր նստում։
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էր Գյումրու քաղաքապետը․ «Ունենալու ենք այնպիսի փողոց, ինչպիսին Ռուսթավելին է․ խաչմերուկները լինելու են մանրաքարերով, իսկ ընդհանուրը` ասֆալտապատ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ